02/07/2025

Մերձավան համայնքի ղեկավարը միջադեպին չի մասնակցել, տեղի ունեցածն ընտրությունների հետ կապ չունի. Խուդաթյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է, որ Մերձավանում տեղի ունեցած միջադեպն ու կրակոցները Փարաքարում սպասվող ընտրությունների հետ կապ չունեն:

«Մերձավան համայնքի ղեկավարը համայնքում տեղի ունեցած կրակոցների դեպքով տուժող կողմ է, սպանվել է իր հորաքրոջ կամ մորաքրոջ տղան, ինքն էլ միջադեպին չի մասնակցել: Դեպքն ընտրական գործընթացների հետ ընդհանրապես կապված չէ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Խուդաթյանը:

Վերջինս խոսել է նաև Գյումրիում ու Փարաքարում ստեղծված իրավիճակի, սպասվող ընտրությունների ու տեղի ունեցող գործընթացների մասին:

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ քաղաքային իշխանությունը հրաժարվեց իրականացնել իր գործառույթները։ Գյումրիում և հանրապետության այլ համայնքներում սկսվել է պրոցես, որտեղ համայնքային հողատարածքները, որոնք օրենքի խախտմամբ են օտարվել՝ վերադարձվում են համայնքին։ Սա ապօրինի օտարված գույքը հետ վերադարձնելուն միտված քայլ էր։ Գյումրիում ԺՊ-ի նշանակմամբ անիշխանության վիճակը հանգուցալուծվել է և առաջիկա ՏԻՄ ընտրություններն ամբողջությամբ կհանգուցալուծի Գյումրիի շուրջ իրավիճակը»,- ասել է Խուդաթյանը:

Նրա խոսքով, Փարաքարի մասով նույնը չէ, կա ամբողջությամբ այլ պատկեր. «Մենք պատասխանատվություն ենք կրում այն միջադեպերի համար, որում հայտնվում են մեր գործընկերները։ Փարաքարում ընտրությունները նշանակվել են հենց այս տրամաբանությամբ, որովհետև համայնքի ղեկավարի պաշտոնակատարը իրավիճակի բերում հայտնվել է մի իրավիճակում, որ հանցագործություն է տեղի ունեցել ու դրա հետ կապված ինքը քաղաքական պատասխանատվություն էր ստանձնել ու հրաժարական տվել։ Սա ցույց է տալիս, որ մեր համայնքի ղեկավարները կառչած չեն աթոռից, թեև արդեն ապացուցված է, որ միջադեպն իր մասնակցությամբ չի եղել ու ինքը սպանության պրոցեսին ներկա է եղել անհաջող պատահականության արդյունքում»: