«Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր» գրությամբ պաստառով այսօր ԱԺ-ի լրագրողները փորձեցին բողոքի ակցիա իրականացնել ԱԺ օթյակում՝ այս կերպ Փաշինյանին հիշեցնելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գռեհիկ պահվածքը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ: Օրերս Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ լրագրողի ասել էր՝ «շուրթերդ մաքրիր»:
Երբ լրագրողները բացեցին պաստառը՝ ՊՊԾ աշխատակիցները ուժի գործադրմամբ խլեցին այն լրագրողների ձեռքից, ասելով՝ «ԱԺ-ում հավատարմագրված լրագրողն իրավունք չունի ԱԺ վարչական շենքում ակցիա իրականացնել»:
Հռիփսիմե Ջեբեջյանը բղավում էր՝ մի՛ արեք, խոսքի ազատություն է Հայաստանում, սա մեր գործի մեջ է մտնում, մեզ չեն թողնում նորմալ աշխատել: «Դուք շատ վատ վարք եք դրսեւորում»,- հայտարարեց նա:
Միջադեպը տեղի ունեցավ Փաշինյանի աչքի առաջ, սակայն օթյակ բարձրացավ Ալեն Սիմոնյանը, հետաքրքրվեց՝ ինչո՞վ կարող է օգնել:
Ազգային ժողովում լրագրողները քիչ առաջ նամակ փոխանցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակով պահանջում են վերաբերմունք հայտնել օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և «Tribune.am» կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Դիմումի տակ 161 լրագրողի ստորագրություն կա, նրանք պահանջում են նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց և այդ նպատակով իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։
«Այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից լրագրողների համար նախատեսված օթյակում տեղի է ունեցել անընդունելի և խայտառակ միջադեպ, երբ ՊՊԾ ծառայողների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բիրտ ուժ կիրառվեց։ Ուզում ենք հատուկ ընդգծել, որ լրագրողները ոչ մի անօրինական գործողություն չէին պատրաստվում իրականացնել, այլ միայն օրենքի և խոսքի ազատության իրենց իրավունքի շրջանակներում փորձում էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել լրագրողական համայնքի թիրախավորման փաստերի դեմ։
Հատկանշական է, որ հենց նույն օրը ՀՀ ԱԺ ի կողմից ընդունվեց այսպես կոչված Հայաստանի Հանրապետության՝ դեպի ԵՄ անդամակցելու օրենքի նախագիծը։ Այդ պատճառով հարկ ենք համարում հիշեցնել, որ այդ նույն Եվրոպայում խոսքի ազատությունը և ԶԼՄ- ների իրավունքները հանդիսանում են հիմնարար սկզբունքներ: Եվրոպական ամենաբարձր կառույցներում՝ ԵԽԽՎ-ում, Եվրախորհրդարանում պարբերաբար կարող ենք ականատես լինել նմանատիպ բողոքի ակցիաների, որոնք տեղավորվում են քաղաքակիրթ մոտեցման ու հանդուրժողականության շրջանակներում: Չի կարելի մի կողմից գոռալ ԵՄ անդամակցության մասին, իսկ մյուս կողմից ընդամենը ժամեր անց միջնադարյան բռնաճնշումների ենթարկել խոսքի ազատության իրավունքն ու ու դա իրացնող լրագրողներին: Պետք է հատուկ ընդգծել, որ այս կարգի միջադեպերը լրջորեն քայքայում են հայկական հասարակության մեջ առողջ երկխոսության և հանրային համերաշխությանը հասնելու հնարավորությունները։
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելու և լրագրողների հանդեպ բիրտ ուժի կիրառման այս նախադեպը և հույս է հայտնում, որ այն լրջագույն քննության առարկա կդառնա»:
Թվում է, թե գալիս է մի տարիք, երբ մարդն այլևս ինքնահաստատման կարիք չի ունենում, սակայն բավական է մի ազդակ, որը շատերի դեպքում կապացուցի, որ տարիքն ամենևին կապ չունի, պարզապես հանգամանքները նպաստավոր չէին։ Շատ ՔՊ-ականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու հատկապես Անդրանիկ Քոչարյանը հենց այն դեպքն են, որոնց պարագայում տարիքն անզոր է, պարզապես պետք է բարենպաստ հող։
Շատերը կհիշեն, երբ ԳՇ պետը լրագրողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում համեմատեց ադրբեջանցիների հետ, հայտարարելով, որ «ադրբեջանցիներին հաջողվեց թափանցել ՀՀ սահմանները ճիշտ այնպես, ինչպես ձեզ հաջողվեց մոտենալ ինձ»։ Փաստորեն, Էդվարդ Ասրյանին իր անձը պետության հետ նույնացնելու համար պակասում էր միայն ԳՇ պետի պաշտոնը ու նշանակվելուց հետո բոլորս պետք է փաստենք, որ նրա ու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը նույնական են, այսինքն երկուսն էլ խոցելի։
Իսկ Խաչատուր Սուքիասյանը գրեթե բոլոր ճեպազրույցների ժամանակ իրեն նույնացնում է ԵՊՀ որևէ դոկտոր պրոֆեսորի հետ ու նախքան բուն հարցին պատասխանելը հանդես է գալիս դասախոսությամբ ու լրագրողներին խրատելով։
Շատ ՔՊ-ականներ պատասխանելով լրագրողների հարցերին, երբեմն մտովի իրենց պատկերացնում են Ջեֆերսոն կամ Շառլ դը Գոլ, քաղաքական երկնային ասուպ կամ հոգեդարձ եղած Արիստոտել ու խոսում են այնպիսի վերամբարձ տոնով, որ կարող են առաջացնել ցանկացած գերտերության նախկին ու ներկա բոլոր ղեկավարների նախանձը։
Սակայն Անդրանիկ Քոչարյանի հոգեվիճակն առավել ծանրն է։ Ընդամենը մի մանդատն այդ մարդուն նետել է վաղ պատանեկության տարիք ու զրկել ադեկվատությունից։
Տպավորություն է, որ նա միշտ, երբ շփվում է լրագրողների հետ, հիշում է մանկության տարիներին կրած ինչ-որ վիրավորանքի մասին ու փորձում այն կոմպենսացնել լրագրողներին վիրավորելով։ Նույնիսկ այն դեպքերում, երբ թվում է, թե պատրաստվում է նորմալ պատասխանել լրագրողների հարցերին, միանգամից ստանձնում է իր սեփական մամուլի խոսնակի դերը ու միաժամանակ թե’ հերթ է սահմանում, թե’ շատերին զրկում է հարց տալու իրավունքից։
Սակայն այն պահվածքը, որը նա օրերս դրսևորեց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ, իհարկե բոլոր չափ ու սահմանի անցում էր։ Քաղաքակիրթ երկրում նման պահվածքին միանգամից կհաջորդեր հրաժարականը, սակայն ժողովրդավարական բաստիոն կոչվող Հայաստանը այլ պատկերացումներ ունի իրական ժողովրդավարության հետ։
«Իրական Հայաստանում» «իրական ժողովրդավարությունն» ու խոսքի ազատությունը տարածվում է միայն իշխանական պատգամավորների վրա, իսկ լրագրողները դուրս են այդ ժողովրդավարության շրջանակներից ու նույնիսկ պաստառ պարզելու իրավունք չունեն։
Այսօր լրագրողները ԱԺ-ում իրենց հատկացված օթյակում ցանկանում էին պաստառ պարզել, որը ցանկացած քաղաքակիրթ երկրում համարվում է իրավունքների իրացման տեսանկյունից նորմալ գործընթաց, սակայն այդ պարզ ակցիան արժանացավ իրավապահ մարմինների կոշտ արձագանմանը ու ՊՊԾ աշխատակիցները ներխուժելով օթյակ, պարզապես խլեցին այդ պաստառը։
Ի դեպ, սա, եթե չեմ սխալվում, երկրորդ դեպքն է, երբ ՊՊԾ գնդի աշխատողները ներխուժում են լրագրողների համար նախատեսված օթյակ ու ուժ կիրառում այնտեղ գտնվողների նկատմամբ։ Իհարկե, առաջին դեպքը շատ ավելի վայրագ էր, քան երկրորդը, բայց դրանից ընդհանուր պատկերը չի փոխվում։
Հատկանշական է, որ ՊՊԾ աշխատակիցները ներխուժեցին օթյակ այսօր, երբ ժամեր առաջ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Հավանաբար ՊՊԾ-ն այդքան էլ համաձայն չէ այդ որոշման հետ ու ցանկանում է ապացուցել, որ մենք դեռևս բավականաչափ չենք հասունացել ԵՄ անդամագրման համար։
Բաց մի թողեք
Թե՛ Խոզնավարի, թե՛ հարևան Արավուսի ու Խնածախի բնակիչները գիշերները չեն քնում
Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը
Հայ հեղինակները Թուրքիայի արտգործնախարարի մասին գիրք են գրել Մոսկվայում․ Լուսանկար