18/04/2025

Այդ երկրները համբուրում են իմ հետույքը. Թրամփն անսապասելի հայտարարություն է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անարգանքով է արտահայտվել այն երկրների մասին, որոնք դիմել են իրեն մաքսատուրքերի հարցում:

Այս մասին նա խոսել է՝ ելույթ ունենալով Ազգային հանրապետական Կոնգրեսի համաժողովի ընթրիքի ժամանակ։

«Ասում եմ ձեզ, այս երկրները մեզ կանչում են, հետույքս համբուրում են, մեռնում են, որ գործարք կնքեն. «Խնդրում եմ, խնդրում եմ, գործարք կնքեք, ես ամեն ինչ կանեմ, սըր» ասելով»,- նշել է նա:

Թրամփը նաև ասել է, որ Չինաստանը անպատշաճ կերպով է արձագանքում ԱՄՆ-ի մաքսատուրքերին՝ հավելելով, որ լրացուցիչ մաքսատուրքերը կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Պեկինը համաձայնության չի եկել:

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունն ավելի վաղ հայտնել էր, որ չի հրաժարվի հակաքայլերից՝ ի պատասխան ամերիկյան մաքսատուրքերի, և որ Պեկինի և Վաշինգտոնի միջև բանակցությունները պետք է տեղի ունենան հավասար և փոխադարձ հարգանքի սկզբունքով:

«Չինաստանի դեմ սպառնալիքները փոխգործակցության սխալ ձև են»,- նշել է դեսպանատունը:

Սպիտակ տան ղեկավարը նախօրեին հայտարարել էր նաև, որ նոր տուրքերի վերաբերյալ երկրների հետ պայմանավորվածությունների ձեռքբերման աշխատանքները լավ են ընթանում, և ավելի քան 70 երկիր արդեն ցանկություն է հայտնել համաձայնության գալ Վաշինգտոնի հետ մաքսատուրքերի շուրջ։

Translate »