18/04/2025

Գր․ Լուսավորիչ ԲԿ-ում միամտորեն խոստովանել են, որ ոչ թե իրենք, այլ Նարեկ Զեյնալյանը պետք է համակերպվի իրենց

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում բուռն կրքեր են բորբոքվել, հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանի ազատումից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փորձում է Հովակիմյանի ընկերուհուն՝ Երանուհի Սարգսյանին նշանակել աշխատակազմի ղեկավար, հատուկ հաստիք է բացվել երիտասարդ աղջնակի համար, որպեսզի «ռուլիտ» անեն հիվանդանոցում եւ հատկապես նոր ղեկավարին։

Արդեն հայտնի է, որ ԲԿ-ի  նոր տնօրենի թեկնածուն ՔՊ–ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է, չնայած լուրեր կային որ ապրիլի 1-ով նրա հրամանը պետք է լինի, սակայն այն, կոլեկտիվի համար անհասկանալի պատճառներով ուշանում է։

Խոսակցություններ կան, որ նախարարը փորձում է իր վաղեմի ախոյանի ժամանումից առաջ «կարգի բերել» հիվանդանոցը, նաեւ՝ իր կադրերով ամրապնդել, որպեսզի Զեյնալյանը չկարողանա թպրտալ եւ դառնա կոլեկտիվի , ավելի կոնկրետ՝ Հովակիմյանի նեղ կռուգի կամակատարը։

Բանն այն է, որ չնայած Հովակիմյանը այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի ձեռամբ է  յոթ տարի առաջ նշանակվել այդ յուղոտ պաշտոնին եւ ամսական 4 մլն դրամ աշխատավարձ ստացել, սակայն Թորոսյանի հեռանալուց հետո հարմարավետ տեղավորվել է Անահիտ Ավանեսյանի հովանու ներքո եւ դարձել նրա մտերիմը։

Հովակիմյանի ընկերուհին Երանուհի Սարգսյանն էլ զբաղեցրել է բավականին պատասխանատու պաշտոն, համակարգել է գնումների ոլորտը, հընթացս էլ փորձել է «ռուլիտ անել» հիվանդանոցը՝ արժանանալով բազմափորձ եւ հարուստ կենսագրություն ունեցող բժշկական համայնքի հակակրանքին։

Հիմա, երբ նրան դե ֆակտո են փորձում այդ դերում ամրապնդել՝ դարձնելով աշխատակազմի ղեկավար, համայնքը բունտ է անում, շատերը մինչեւ անգամ պատրաստվում են հեռանալ, եթե բժշկական համայնքի հետ կապ չունեցող աղջնակը նշանակվի ղեկավար պաշտոնում։

Մեզ պատմեցին, որ օրերս մինի ժողով է Երանուհին հրավիրել եւ միամտորեն խոստովանել, որ ոչ թե իրենք, այլ Նարեկ Զեյնալյանը պետք է համակերպվի իրենց։

Տեղեկացանք, որ այսօր՝ 11։00–ին նախարար Ավանեսյանը գնալու է հիվանդանոց հատուկ աղջկան վերակացու կարգելու համար, նրան սվիններով են սպասում եւ փորձելու են դեմն առնել։

Translate »