18/04/2025

Փաշինյանը ԵՊՀ-ից Աննա Հակոբյանի վրեժն է հանել

Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում թիրախավորեց Երեւանի պետական համալսարանը՝ հայտարարելով․ «Եթե սովորական պայմաններում ասես՝ ԵՊՀ-ն պետք ա սովորի, քարը, փետը, աթոռները, նստարանները կառնեն` կընկնեն հետեւիցդ»։

«Հրապարակy» գրում է․ ԵՊՀ-ից մեզ պատմեցին, որ սա նշանակում է՝ նա չի մարսել այն, որ իրենք մերժել են կնոջը։

Հիշեցնենք, որ «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում Աննա Հակոբյանը տարեվերջին այցելել էր ԵՊՀ` հանդիպել Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ղեկավար կազմի, դասախոսների, ուսանողների հետ, դասախոսություն կարդացել` Խորենացու «Ողբից» ընթերցելով, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, թե վարչապետի կինն արդեն համալսարանականներին է կրթում:

Պարզվում է` Աննա Հակոբյանը նպատակ է ունեցել կրթել ողջ մայր բուհը եւ ցանկացել է հերթով այցելել ԵՊՀ բոլոր մյուս ֆակուլտետներ, սակայն ԵՊՀ դասախոսական կազմը դիմադրություն է ցույց տվել, եւ ԵՊՀ-ն «կրթելը» դարձել է տիկնոջ չիրականացած երազանքը։

Ըստ այդմ, ԵՊՀ դասախոսական կազմի համար Փաշինյանի երեկվա հայտարարությունն անակնկալ չի եղել, նրանք ավելի վաղ են սպասել, որ իրենց «հանդուգն» մերժումն անպատասխան չի մնալու։

Translate »