01/05/2025

Ռուսական կողմը արտահայտե՞լ է այդպիսի հանդիպման մտադրություն

Հայաստանի վարչապետի խոսնակը հերքել է տեղեկությունը, թե մայիսի 9-ին Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով Մոսկվա այցի շրջանակումմՆիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպում կունենա ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ: Ըստ խոսնակի՝ այդպիսի հանդիպում նախատեսված չէ:

Հետաքրքիր է, սակայն, իսկ կա՞ այդպիսի հանդիպման առաջարկ, որը կարող է լինել քննարկման փուլում: Ռուսական կողմը արտահայտե՞լ է այդպիսի հանդիպման մտադրություն: Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հենց Ռուսաստանում՝ հոկտեմբերի 24-ին Կազանում անցկացված ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում: Իհարկե, դա եռակողմ հանդիպում չէր, այլ երկկողմ:

Ընդ որում՝ երկկողմ այդ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստացել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակները՝ նրա հատուկ ներկայացուցիչ Քարփենթերի միջոցով, որն այցելել էր Բաքու և Երևան:

Այդ նամակների, համենայն դեպս, հանրայնացված մասում Ջո Բայդենը հորդորում էր կողմերին գնալ խաղաղության պայմանագրի համաձայնեցված համար անհրաժեշտ ցավագին զիջումների՝ ասելով, որ Քարփենթերը փոխանցելով նամակները, կքննարկի նաև մանրամասները:

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Կազանում հանդիպել են դրանից հետո, իսկ Կազանից հետո նրանք չեն ունեցել որևէ նոր հանդիպում, թեև եղել են համատեղ մասնակցությամբ միջոցառումներ, որոնք կարող էին ծառայել հանդիպման հնարավորություն:

Օրինակ, տարեվերջին Ռուսաստանում կայացավ ԱՊՀ գագաթնաժողովը, սակայն դրան չմասնակցեց Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառաբանությամբ: Հաջորդ հնարավորությունը Դավոսի համաժողովն էր, որին մասնակցել են թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը, սակայն ոչ միայն չի եղել հանդիպում, այլ դրա հնարավորության մասին խոսակցություն:

Ի տարբերություն 2024 թվականի, 2025-ին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովում տեղի չունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպում: Իլհամ Ալիևը ընդհանրապես չմեկնեց և չմասնակցեց գագաթնաժողովին: Չնայած հանդիպումների բացակայությանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը այսպես ասած հեռավար փոխանակումով համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը և հայտարարել բանակցությունն ավարտելու մասին, թեև Ադրբեջանը չի ստորագրում և դրել է նախապայմաններ: Կա մտայնություն, որ գերտերությունների միջև առկա է մրցակցություն, թե որտեղ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը:

Սակայն, դա թերևս ավելի շուտ որոշակի իներցիա պարունակող ընկալում է: Խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը ունենալու է ավելի շուտ խորհրդանշական իմաստով, այլ ոչ թե լինելու է ազդեցության միջոց: Այլ հարց է, թե որ գերտերությունն է իրավիճակը հասունացնելու մինչև ստորագրում:

Այստեղ հարցն այն է, սակայն, որ այսօր, թերևս, չկա այդ խնդիրը միայնակ լուծելու ունակ գերտերություն, հետևաբար մինչև այն Հայաստանի ու Ադրբեջանի միջև լուծելը, թերևս պետք է լուծումներ ձևավորվեն հենց այդ տերությունների միջև, որևէ կոնֆիգուրացիայով, որը թույլ կտա բարձրացնել ստորագրություն «կորզելու» ներուժը:

Թեև, չի բացառվում, որ այդպիսի կոնֆիգուրացիայի ձևավորման պարագայում, որոշակի սցենարի դեպքում, ստորագրման գործընթացը պարզապես «սառեցվի» երկար ժամանակով: