Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին։
Այս մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:
«Վրաստանն այդ ձևաչափի մաս չէ, սակայն համագործակցում է բոլոր հարևանների հետ… կա պատճառ, որ մենք չենք կարող և չենք դիտարկում այդ ձևաչափի մաս դառնալու հարցը»,- ասել է նա՝ հավելելով, որ Թբիլիսին անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմամբ:
Բոճորիշվիլիի խոսքով՝ խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար առաջնահերթություն է, իսկ տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, և դրա օգտագործման համար անհրաժեշտ է երկարատև և կայուն խաղաղություն:
Բոճորաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը` այն համարելով մեծ ձեռքբերում:
«Վրաստանն այն երկիրն է, որին կարող են ապավինել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը` համոզված լինելով, որ մեր տարածաշրջանում երկխոսությանն ու համագործակցությանը նպաստելու համար կապահովենք անհրաժեշտ ամեն ինչ»,- ասել է Բոճորիշվիլին:
«3+3»-ը 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային համագործակցության ձևաչափն է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրի՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
Վրաստանը նախկինում քանիցս հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ