Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը շատերի համար անակնկալ այց կատարեց Սյունիքի մարզ: Երկօրյա այցով նա փորձեց ցույց տալ, որ այլեւս իրեն սյունյաց ողջույններով չեն դիմավորում, ինչպես պատերազմից հետո էր, որ հիմա արդեն վայելում է սյունեցիների սերն ու համակրանքը։
Հրապարակ թերթը գրել է․ Քաղաքական շրջանակներում այս այցը մտահոգությունների, չարագուշակ եզրահանգումների տեղիք է տվել, ոմանք ասում են, թե Փաշինյանը Սյունիքում վճռորոշ զարգացումների է պատրաստվում ու փորձում է հող նախապատրաստել դրանց համար: Սակայն կուսակցական մեր աղբյուրները հակադարձում են, թե Փաշինյանն այս շաբաթ պետք է այսպես, թե այնպես մասնակցեր կնոջ՝ Աննա Հակոբյանի կրթարշավին, որն այս անգամ Մեղրիում էր, ուստի հերթական այց էր նաեւ պլանավորել:
Գնացել էր ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքներին, մասնակցելու էկոպարեկների Սյունիքի մարզային վարչության հիմնման հանդիսավոր միջոցառմանը, Ագարակում նոր մաքսակետի կառուցմանը եւ հընթացս մի քանի չնախատեսված կանգառներ է արել համայնքներում։
Փաշինյանը մի քանի տեսանյութ հրապարակեց այդ «կանգառներից», տեսանյութերը վարչապետի աշխատակազմի կողմից էին պատրաստվել: Դրանցից երեւում է, որ նախկին բազմամարդ հավաքների փոխարեն առավելագույնը երկու տասնյակ մարդ է դիմավորում Փաշինյանին, մեծ մասը` դպրոցահասակ երեխաներ: Եվ, բնականաբար, այդ տեսանյութերում միայն ջերմ շփումների ու զրույցների կադրեր են։
Մեզ պատմեցին, որ իրականում բավականին բարդ խնդիր է եղել Փաշինյանի համար «մասսովկա» ապահովելը։ Ավելի քան երեք տասնյակ համայնքների վարչական ղեկավարների նախապես հրահանգվել է իրենց գյուղերը պատրաստել Փաշինյանի այցին, հավաքել նիկոլականներին, հավուր պատշաճի դիմավորել: Սակայն վարչական ղեկավարներից մի քանիսն են համաձայնել եւ կարողացել ապահովել դա: Փաշինյանի չնախատեսված այցերը, ըստ այդմ՝ Խոտ, Որոտան, Շվանիձոր ու Նռնաձոր համայնքներում էին, բայց ոչ Խնածախում, որը շուրջ երկու ամիս է՝ դարձել է ադրբեջանական կրակոցների թիրախ։
Տպավորություն էր, որ պետության ղեկավարի հետ հանդիպած սյունեցիներն այլմոլորակայիններ էին, նրանց ո՛չ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի թեման էր հետաքրքրում, ո՛չ Սյունիքում վերջին ամիսներին սովորական դարձած կրակոցները, ո՛չ անվտանգային խնդիրներ, հուզված էին միայն ոռոգման, խմելու ջրի եւ նման այլ կենցաղային հարցերով: Իսկ Փաշինյանը, սովորույթի համաձայն, բոլոր խնդիրներում ոչ թե իր կառավարության մեղքն է տեսնում, այլ փորձում է մեղքը գցել ուրիշների վրա եւ անպայման ներազգային պառակտումներ հրահրել` ասելով, թե երեւանցին որ մի հինգ վայրկյան ծորակը շուտ փակի` ատամները լվանալիս, դուք ջրի խնդիր չեք ունենա։ Եվ սյունեցիների փոխարեն Փաշինյանն էր առաջ հրում երկաթգծի թեման․ պատահական կանգառներից մեկում մի սյունեցի փորձեց, այդուհանդերձ, բարձրաձայնել իրենց մտահոգությունները՝ այն փաթեթավորելով ջրի խնդրի տակ: Ասաց. «Երկաթգիծը որ գնաց, մենք էդ ջուրը չենք ունենա»: Նկատի ուներ Ադրբեջանի հետ կապող երկաթգծի շահագործումը, սակայն Փաշինյանը ողջ հանդիպման ընթացքում պնդեց, որ երկաթգծի վերագործարկումը մեզ շատ ձեռնտու է, առեւտուրն էլ կզարգանա, իրենք կսկսեն լավ ապրել եւ այլն։
Փաշինյանի ողջ այցի ընթացքում նրան ուղեկցում էին Սյունիքի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերը` Առուշ Առուշանյանը, Գեւորգ Փարսյանը, Մանվել Փարամազյանը, որոնք 21-ից հետո ջերմ հարաբերություններ են հաստատել իշխանությունների եւ հատկապես Սյունիքի մարզպետի հետ։ Հատկապես՝ Փարսյանը, որ վարչապետի նախորդ այցի ժամանակ քաղաքից միտումնավոր հեռացել էր, որ նրան չհանդիպեր, այս անգամ ոչ միայն հանդիպել եւ ուղեկցել է, այլեւ երեկոյան Կապանի «Քարավան» ռեստորանում մասնակցել Փաշինյանի մասնակցությամբ մեծ ճաշկերույթին։
Գիշերը, սակայն, Փաշինյանը մեկնել է Մեղրի, կնոջ հետ գիշերել Մեղրիի «Ցենտրալ» հյուրանոցում, որ շաբաթ օրը մասնակցի կրթարշավին։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներից ոմանք խիստ նեղսրտել են շեֆի այցից: Նրանից մեկը մեզ պատմեց, որ Փաշինյանն ընդգծված սառը վերաբերմունք է ցուցաբերել պատգամավորների նկատմամբ:
Իսկ Կապանում էկոպարեկների վարչության բացման արարողությանը Նժդեհի հրապարակ ժամանելիս բարեւել է բոլորին, բացի Կապանի ՔՊ խորհրդի ղեկավար Նարեկ Բաբայանից, որը նաեւ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչն է։ Հիշեցնենք, որ փետրվարին է Կապանի ՔՊ նոր խորհուրդն ընտրվել: Սյունիքի մեր աղբյուրները հաղորդում էին, որ ՔՊ վարչությունում ուղղորդված քվեարկություն է իրականացվել, ինչի արդյունքում ընտրվել է Բաբայանի ցանկացած կազմը: Սա, բնականաբար, հասել է նաեւ Փաշինյանին: Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին եւս նախատեսում է Սյունիք այց կատարել, կրկին լինել Կապանում, նաեւ՝ Քաջարանում։
Բաց մի թողեք
«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. Աղյուսակ
Նույն հողամասը 2023 թվականի հայտարարագրով նվիրատվություն է 2016 թվականից
Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի