17/04/2025

Վաղը Գյումրիում ճակատագրական օր է, ինչ սպասել ․․․

Վաղը Գյումրեցու համար ինչ-որ առումով ճակատագրական օր է: Քաղաքապետի ընտրությանը բոլորն են լարված սպասում․ կհաղթի՞ ընդդիմությունը, թե՞ անակնկալներ են սպասվում։

Նորընտիր ավագանու անդամները ՝ մասնավորապես ընդդիմադիր, հրաժարվում խոսել վաղվա նիստից, խոստանում են խոսել նիստի ավարտից հետո, երբ Գյումրին կունենա քաղաքապետ։ Մեր տեղեկություններով, նրանց հանձնարարված էայս օրերին լռություն պահպանել, որպեսզի անզգուշաբար ասված մեկ բառը չօգտագործվի ընդդիմության քաղաքապետի թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի դեմ։

«Հայաստան » խմբակցության ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը հույս է հայտնել, որ անակնկալներ չեն գրանցվի և Գյումրիում ընդդիմությունը վաղը հաղթանակ կտոնի։

Ի տարբերություն պատգամավորի գյումրեցի արվեստագետ, հայտնի քանդակագործ Արթուր Գևորգյանը աչքի տակ մի քանի սցենար ունի․ «Ինձ մոտ տպավորություն է, որ Գյումրիում բոլոր հաշվարկները , օրենքները չեն գործում, բացի երկրի ձգողականության օրենքից։ Այստեղ հաշվարկ անելը թերևս անհնար է, ասենք՝ ՔՊ-ի թեկնածուն 14 ձայն ունի, ընդդիմությունը ստանում է 14 ձայն և քաղաքապետ չի ընտրվում, երկրորդ անգամ էլ նման բան է տեղի ունենում․․․ Ամեն դեպքում, ես ավելի հակված եմ, որ այս ընտրությունների հանգուցալուծումը կանխատեսելի չէ, քանի որ մարտի 31-ից իշխանությունները փորձագիտական մակարդակով կարծիք էին հայտնել, որ վերջապես կա նոր ընտրությունների տարբերակը, ենթադրում եմ, որ հակված են ևս մեկ նոր ընտրություններ խաղարկելուն»։

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի մարտի 30-ի արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։ 9 քաղաքական ուժից անցողիկ 6 տոկոսը հաղթահարել են 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե- 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե- 8 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե- 2 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե- 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 739 քվե- 3 մանդատ։

Գյումրու ավագանին, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, կազմված է լինելու 33 անդամից: Քաղաքապետ ընտրվելու համար կուսակցություններին եւ դաշինքներին անհրաժեշտ է լինելու 50 տոկոսից ավելի ձայն: Տվյալ դեպքում դա 17 անդամի «կողմ» ձայնն է: Ավագանու անդրանիկ նիստին՝ ապրիլի 16-ին ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց միավորման արդյունքում քաղաքապետ են ընտրելու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Արդյոք ընդդիմադիր ուժերը հավատարիմ կմնան իրենց պայմանավորվածությանը, թե նոր ինտրիգներ են սպասվում, պարզ կդառնա վաղը:

Translate »