12/07/2025

«Իյա՜, ըսիգ մեր նոր օլիգարխն է, Լֆիգ է , Սաշիկ է, ըդոնք ով են սրանց մոդ»

Նարեկ Նալբանդյանը մինչև հեղափոխությունը Չարենցավանի ավազի հանքում աշխատող ու ոչնչով աչքի ընկնող մի տղա էր։ Անգամ  նրա հայրենի Կոտայքի մարզի Արգել  գյուղում են  զարմացել, որ նա դարձել է մերօրյա օլիգարխ։

«Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձևով Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը և Հովիկ Աբրահամյանի տունը սեփականաշնորհած հեղափոխական օլիգարխ է դարձել։

Չթվարկեմ մյուս օբյեկտների մասին, արովհետև իմ նպատակը  դա չէ։ Այսօր էլ մամուլն աղմկում է, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող «Շողակն» ադամանդի երբեմնի խոշոր գործարանը նոր սեփականատեր ունի։

ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանը խորհրդային տարիներին կառուցված արդյունաբերական ձեռնարկությունը վաճառել է գործարար Նարեկ Նալբանդյանին, որովհետև ջրի պես պարզ է, որ Փաշինյանին ոչ թե ցավացնում էր նախկին օլիգարխների թալանը, ժողովրդի անհուսալի վիճակը, այլ այն, որ թալանողը ինքը չէ։  Գործարքը կնքել են 2025 թ.-ի մայիսին։

Դա էլ ոչ ինձ, ոչ ժողովրդին չի հետաքրքրում։ Մեզ այլ բան է հետաքրքրում։ Էն որ Փաշինյանը խոսում է նախկին օլիգարխների, ալան- թալանի,  «բիրդան աղա» դառնալու մասին, ինչու՞ չի խոսում մերօրյա օլիգարխների, թալանի  մասին։

Չնայած նախկին օլիգարխներն էլ արդեն մերօրյա են։ Ինչու՞ չի հպարտանում ավազի հանքում աշխատող ու միանգամից շուկան գրաված Նարեկի մասին։ Կարդում եմ մարդկանց անկեղծ գրառումը ու գտնում, որ քաղաքական վերլուծությունը խունանում է քաղաքացու անկեղծ խոսքի առաջ։

Տեսեք ինչ է գրում քաղաքացին․ «Իյա՜, ըսիգ մեր նոր օլիգարխն է, Լֆիգ է , Սաշիկ է, ըդոնք ով են սրանց մոդ»։ Ավելացնելու բան չկա։ Մեկնաբանելու, վերլուծելու կարիք չկա, երբ փաստը մերկապարանոց քո առաջ է կանգնած։

Հասմիկ Բաբաջանյան; «Հրապարակ օրաթերթ»