Կառավարությունն օրեր առաջ հավանություն տվեց մի օրինագծի, որը զորակոչային տարիքի անձանց հնարավորություն է տալիս՝ հրաժարվել բանակում ծառայելուց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծում կառավարությունը մի շարք ճշգրտումներ է արել։
Ըստ դրա՝ մինչեւ 1 ամիս կրճատված ծառայության համար պետք է վճարել 24 մլն դրամ (մոտ 62 հազար դոլար), ընդամենը 4 ամիս տեւող ծառայության համար (միայն ուսումնական մասում)՝ 18 մլն դրամ (մոտ 46 հազար դոլար): Օրինագծի հեղինակը պահանջել է նաեւ, որ օրենքն ընդունվի մինչեւ հուլիսի 1-ը ՝ ամառային զորակոչի սկիզբը։ Ըստ նրա, հասարակությունը ոչ միայն դեմ չէ այս նախագծին, այլեւ սպասում է դրա ընդունմանը: Նրա խոսքով՝ այն կնպաստի հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների վերադարձին հայրենիք եւ կկանխի արտագաղթը:
Մինչդեռ ՀՀ թե՛ նախկին, թե՛ ներկա ՄԻՊ-երը քննադատել են փողի դիմաց ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը՝ ընդգծելով, որ նախագծային կարգավորումները կարող են առաջացնել հասարակության լուրջ սոցիալական շերտավորում՝ պայմանավորված մարդկանց գույքային վիճակով՝ հանգեցնելով խտրականության բացակայություն ենթադրող սկզբունքի խախտմանը:
Ազատամարտիկ, ռեժիսոր Սամվել Թադեւոսյանն ասում է՝ սա ոչ միայն աբսուրդ, այլ նաեւ անտրամաբանական նախագիծ է, որի հետ կապված՝ անգամ ՄԻՊ-ն է արձագանքել ու քննադատել։ «Կարո՞ղ է սա էլ խաղի մի մաս է, ես դա արդեն չգիտեմ, բայց փաստն այն է, որ դա անհավասարություն է ստեղծելու։ Հայաստանում կան արժանավոր եւ ոչ արժանավոր մարդիկ, որոնք շատ փող ունեն, այդ մարդիկ, ինչպես որ շատ հարցերում արտոնյալ են, հաճախ՝ նաեւ անպատժելի, նրանք կարող են իրենց զավակներին ազատել բանակից, որն արդեն սոցիալական անհավասարության քայլ է։ Բանակն այս իշխանավորների համար հերթական զոհերից մեկն է, քանի որ տարաբնույթ արշավանքներ են բանակի դեմ ձեռնարկել՝ հերոսների փառազրկում, կռված տղերքի դեմ հալածանքներ, բանակն այլեւս իրենց համար նշանակություն չունի, եւ գուցե բանակին էլ նայում են որպես եկամուտ կորզելու միջոց, որովհետեւ հիպերբոլիկ թվերի մասին է խոսքը այդ նախագծում»,- նկատում է զրուցակիցս։
Ս․ Թադեւոսյանի համար միանշանակ է, որ հայրենիքը պետք է պաշտպանել, բայց «հայրենիքը պաշտպանում են հայրենիքի հոգսով տառապող մարդիկ, ոչ թե սրանք։ Եվ քանի որ կոմպետենտ մարդիկ չեն իշխանության ղեկին, նրանք կարող են ամեն ինչ դարձնել կա՛մ բիզնեսի, կա՛մ ծաղրի, կա՛մ ոչնչացման նյութ։ Իրականում այսպիսի հարց նույնիսկ չպետք է բարձրացվեր, դա աննորմալ բան է, բայց եթե արդեն բարձրացվել է, ուրեմն այդ հարցը բարձրացնողն այնպիսի բարոյական արժեքների է տիրապետում, որ Հայաստանի շահերի հետ կապ չունի։ Հիմա շատ հարցերում՝ գիտությունից մինչեւ կրթություն, կոտորած են սկսել, նույնն անում են բանակի նկատմամբ, նոր արշավանք են սկսել, ինչպես որ արեցին եկեղեցու դեմ՝ 2 անգամ փորձեցին եկեղեցին պատվազրկել։ Ու քանի որ իրենք այլ բան չեն կարող անել, քան լինել հակահայ, իրենց ինչ հրահանգում են, այն էլ անում են։ Ես այն կարծիքին եմ, որ այդ կամակատարներին հրահանգում են՝ լինի դա Բաքվից, Անկարայից, թե որեւէ այլ քաղաքից։ Իրենք չեն կարող որեւէ այլ բան անել, որովհետեւ չեն ներվի, որովհետեւ տերերը սիրում են, որ ում վճարում են, իրենց կամքը կատարի անպայմանորեն։ Հիմա գուցե սա հերթական մի քայլն է, բայց որ այն աննորմալ երեւույթ է, իմ խորին համոզմամբ՝ այդպես է»։
Արձակագիր, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանն ասում է՝ բանակից ազատվելու թեման չարչրկված թեմա է դեռ 90-ականներից, երբ այն ժամանակ եւս նման առաջարկ եղավ․ «Նույնիսկ այսպիսի մի թեզ շրջանառվեց, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է, այսինքն՝ նորից բանակ չունենալու խնդիրն էր դրված, եթե այդ ժամանակ քաղաքական այդ ուժերը չլինեին, մենք չէինք ունենալու բանակ, բայց հետո դադարեցին նման նախաձեռնությունները, եւ բանակը ոտքի կանգնեց, ու առանց որեւէ բանի բանակ ստեղծվեց։ Բայց, փաստորեն, այդ ցանկությունը խորքային չէր մարել, եւ արդեն սրանց օրոք նորից առաջ քաշվեց այսպիսի օրինագիծ։ Հիշում եք՝ 2018-ին, երբ սրանք եկան իշխանության, զորակոչի շրջանն էր նորից, իսկ բանակն արդեն «կլուբնիկի» ու «տռուսիկի» բարեփոխման, ավելի ճիշտ՝ քանդման ճանապարհին էր․․․, հիշո՞ւմ եք, երբ նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսները ճանապարհին կանգնեցնում էին՝ իբր հարազատներին բարի ճանապարհ մաղթելու պատրվակով․․․ նաեւ՝ քարեր էին շպրտել այդ ուղղությամբ․․․, բայց ոչ ոք չպատժվեց․․․։ Հիմա, հուլիսի զորակոչին ընդառաջ, նորից նման նախագիծ են մշակում, հավանաբար՝ արդեն պատրաստվում են 2026-ի ընտրություններին, բոլորն էլ բարեկամներ ունեն, ու հարմար առիթ է՝ տղաներին փախցնելու բանակից․․․։ Բայց վստահ ասում եմ՝ դա այնքան կարճ կյանք է ունենալու, որովհետեւ ինչ ուզում է լինի, միեւնույն է՝ օրհասական պահին հայ մարդը միշտ ամեն ինչը մի կողմ է դնում եւ զենք է վերցնում։ Ես վստահ եմ՝ գալու է այդ օրը, ինչքան ուզում է բանակից ազատվելու օրինագիծ մշակեն, որովհետեւ մենք խորքում բանակի ուժն էլ ենք տեսել, ես դրա ակունքներում եմ եղել, մինչեւ 94-ը Սպայի տան պետն եմ եղել եւ դա ամենից լավ եմ հիշում»։
Մտավախություն չկա՞, որ առանց այն էլ մարդիկ ճանապարհներ էին փնտրում՝ իրենց երեխաներին բանակից ազատելու համար, հիմա, երբ դա օրինականացվում է, մարդիկ կվաճառեն անգամ իրենց տուն-տեղը՝ իրենց երեխաներին բանակից ազատելու համար։ «Առաջին հայացքից է այդպես, ես էլ եմ այդպես մտածել, բայց դա էլ ինչ-որ մի տեղ կանգնելու է։ Ավելի մեծ վտանգն այն է, որ մարդիկ իրենց քաղաքացիությունից կհրաժարվեն, բայց ո՞ւր պիտի գնան՝ Ռուսաստա՞ն՝ ռուսական բանակում կռվելու համար, Ուկրաինա՞, ուկրաինական բանակում կռվելու համար։ Ընդհանրապես, այսօր անհանգիստ է աշխարհում, մինչեւ անգամ Ամերիկա էլ եթե գնան, Ամերիկան չի փրկելու, այնտեղ չգիտես՝ վաղը, մյուս օրն ինչ է լինելու, ամենաապահով տեղը քո երկրում քո բանակում ծառայելն է, քո երկրին ծառայելն է։ Դեռ գալու ենք այդ գիտակցությանը, եւ, վերջիվերջո, այդ փողատերերի ժառանգները մի օր իրենց հարց են տալու, թե սրա վերջն ինչ է լինելու՝ հո մենակ ուտել-խմելը չի՞»։
Այս նախագիծը, ըստ գրողի, եթե անգամ ընդունվի էլ, երկար կյանք չի ունենալու․ «Ոնց որ իրենց օրերն են հաշված, այնպես էլ՝ նման նախագծերի։ Պարզապես փրկօղակ են փնտրում՝ իրենց ու իրենց երեխաներին փրկելու համար»։
Շատերի կարծիքով, սա մի տարբերակ է՝ նաեւ մեր սուղ բյուջեն լցնելու համար։ «Այո, իհարկե, դրա մասին են խոսում նաեւ այս բարձրացված հարկերը, դեռ ուրիշ բաներ էլ կլինեն։ Մենք Չիպոլինոյի երկիրն ենք դարձել, վաղն էլ կարող են օդի ու կայծակի համար հարկ հավաքել, այլեւս զարմանալու տեղ չունենք, ինչ կար, տեսանք, այդ շարքում բանակը հասարակ բան չէ, բանակը պետության հիմքն է, եւ մինչեւ անգամ միջնադարում մենք եկեղեցի ենք ունեցել՝ զինվորներին օրհնելու, ճակատամարտ ճանապարհելու համար։ Այդ ավանդույթներին շատերը տեղյակ չեն, բայց դրանք խորը մեր մեջ նիրհած են եւ մի օր զարթնելու են, այդպես չի մնալու, մի օր ազգը զարթնելու է, ու այդ օրերը մոտ են»։
Բաց մի թողեք
Արհեստական խցանումներ Երևանում
Ի՞նչ ակցիա է նախատեսված այսօր, այն ի՞նչ ազդեցություն կունենա
Էկոնոմիկայի նախարարն էլի անտեղյակ է