24/06/2025

Քաղաքական աշխարհը փլուզվե՞լ է …

Վերջին երկու օրերին քաղաքական աշխարհը փլուզվել է. համենայն դեպս՝ որոշ ամպագոռգոռ հայտարարություններ այս տպավորությունն են թողնում։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի հայտարարությունների մասին կխոսենք առանձին։

Իսկ հիմա կուզենայի կանգ առնել փոքրիկ հայոց աշխարհի վրա, եւ այստեղ երբեմն հրաշագործ նախախնամություններ են լինում։

Հայաստանում սովորաբար «մեկ ճշմարտություն» է տիրում։ Չի կարող լինել համարժեք երկրորդ կարծիք։ Համապատասխանաբար՝ պետք է կարողանալ ցանկացած անհրաժեշտ միջոցներով պնդել սեփական ճշմարտությունը: Բայց երբեմն փլուզում լինում է:

Հայկական պետության հիմնադիրները Հայաստանում վերջին երկու տասնամյակների ընթացքում նոր սերնդին սովորեցնում են միջազգային քաղաքականության հիմունքները՝ խարսխված Սառը պատերազմի ժամանակաշրջանի հիմնական սկզբունքներից մեկի՝ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի բացարձակացման վրա։ Ի դեպ, մենք միակը չէինք, որ դա անում էինք։ Բայց Հայաստանում այս հանգամանքը ճակատագրական նշանակություն ունեցավ՝ կապված արցախյան խնդրի առկայության հետ։ «Անընդունելի բաների» վրա ոտնձգություն անելն անպարկեշտ է համարվել. Քաղաքացիներին ասում էին, որ աշխարհում ոչինչ չի կարող փոխվել, քանի որ քաղաքական աշխարհն ինքն է մեր դեմ։ Դուք պետք է չափավորեք ձեր «ամբիցիաները»։

Այս թեզը ժամանակի ընթացքում դարձել է ոչ միայն նոր սերնդի քաղաքական գործիչների եւ քաղաքագետների «առաջադիմության» չափանիշ, այլ նաեւ նոր սերնդի գործիչների մի ամբողջ կազմի անձնական նկրտումների հիմք։ Համարվում էր, որ աշխարհի ցանկացած այլ գնահատական խաղ է ազգի ճակատագրի հետ։ Հորինվեցին ամենատարբեր անհասկանալի փաստարկներ՝ հօգուտ մեր հույսերի իրագործման անհնարինության։

Ըստ էության, նոր իրողություններում գործելու՝ ազգի հազվագյուտ հնարավորությունն ի սկզբանե բաց թողնվեց: Եվ հետո իրավունքներից հրաժարվելու ուղեգիծ հաստատվեց եւ Արցախի անկախությունը ճանաչելու քայլը ներկայացվեց որպես մահացու սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը։ Արդյունքում՝ 1994-ի պատերազմին հաջորդած՝ երկու հանրապետությունների տեսքով Հայաստանի պետականության ձեւավորումից քառորդ դար անց Արցախը տրվեց թշնամուն՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ, համապատասխանաբար, անվտանգության շրջանակներում «լեգիտիմություն» ձեռք բերելու ակնկալիքով։

Այս «ճշմարտությունները» ուսուցանող Հայաստանի հիմնադիր հայրերը չէին էլ մտածում, որ կարող են խորապես սխալվել 1980-ականների վերջից ի վեր տեղի ունեցող միջազգային գործընթացների գնահատականներում։ Նրանք չէին մտածում այն մասին, որ երիտասարդներին «կերակրում» են աշխարհի եւ իրենց մասին հնացած գիտելիքներով: Նրանք չէին մտածում, թե ինչ վնաս են հասցնում երիտասարդներին իրենց հայտարարություններով, թե հայ ժողովուրդն իր ազգային խնդիրները լուծելով՝ «ձեռնոց» է նետում աշխարհին։ Այսինքն՝ նրանք իրենց պահեցին այնպես, ինչպես կարող էին իրենց պահել անցյալի կարծրատիպերի մեջ խրված գործիչները։

Արդյունքում ներկայիս հայ քաղաքական գործիչները՝ կատարելով իրենց «քաղաքական հայրերի» կամքը, Արցախի հանձնումն Ադրբեջանին գնահատեցին որպես «հաղթանակ» Հայաստանի Հանրապետության քաղաքական մտքի համար։

Բայց ինչ-որ կերպ այդպես չստացվեց։ 2025 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության ներկայիս արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եվրոպական երկրների դեսպանների եւ բարձրաստիճան քաղաքական գործիչների առջեւ հանկարծ հայտարարեց, որ «… միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը, որոնք ժամանակին սրբազան էին համարվում, կորցրել են իրենց կշիռը։ Այժմ դրանք թվում են պարզապես գեղեցիկ բառեր, որոնք ամրագրվել են հռչակագրերում եւ կանոնադրություններում, սակայն շատ հաճախ՝ ապարդյուն»։

Իսկ վարչապետ Փաշինյանը շարունակում է դժգոհել, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի մեծ մասի նկատմամբ։ Ի՞նչ տարօրինակ բան տեսավ նա այստեղ, երբ Ադրբեջանի նախագահը երկար ժամանակ խոսում էր միջազգային հարաբերություններում նոր պայմանների մասին։

Պարզվում է՝ սխալ տեղում էին փրկություն փնտրում։ Մի ամբողջ սերունդ մեծացել է՝ հնարավորություն չունենալով հասկանալու, թե ինչպիսի աշխարհում են ապրում։ Մարդկանց համոզել են, որ նրանք ապրում են մի աշխարհում, որը ստեղծվել է մեկ դար առաջ Լենին-Աթաթուրք դաշնագրով։ Եվ որ այս աշխարհը չի կարող փոխվել հազար տարի: Եվ Աստված մի արասցե, ինչ-որ մեկը չհամարձակվի ճանաչել Արցախը անկախ. անհնար է դուրս գալ հայերին հատկացված «ռեզերվացիայի» սահմաններից. աշխարհը կպատժի:

Բայց հիմա պարզվում է, որ տարածքային ամբողջականությունը պարզապես գեղեցիկ խոսքեր են։ Իսկ Արարատ Միրզոյանին մնում է միայն արդարանալ՝ ասելով. «Վերջին մի քանի տարիներին աշխարհում տեղի են ունենում անորոշություններ, անսովոր երեւույթներ եւ զարգացումներ, այնպիսի երեւույթներ, որոնց դրսեւորման հավանականությանը Երկրորդ աշխարհամարտից հետո ոչ ոք չէր կարող հավատալ»։ Եվ այսպես էլ է լինում… պետք չէ շատ վստահ լինել, իսկ երբեմն պետք է հավատալ:

Մանվել Սարգսյան