24/06/2025

Volkswagen-ը պատրաստվում է մասշտաբային ներդրումներ կատարել ԱՄՆ-ում. Լուսանկար

Volkswagen ընկերության գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումեն Գերմանիայի Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ ընկերությունը շարունակում է «արդար և կառուցողական» բանակցությունները ԱՄՆ կառավարության հետ՝ ներմուծման մաքսատուրքերի շուրջ և պատրաստվում է ամրապնդել իր ներկայությունն ԱՄՆ-ում նոր, մասշտաբային ներդրումների միջոցով։

Թեև նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականությունից հետո մի շարք արտասահմանյան ընկերություններ ակտիվացրել են իրենց ներդրումները ԱՄՆ-ում, գերմանական ավտոարդյունաբերողները՝ այդ թվում Volkswagen-ը, մինչ այժմ զգուշավոր են եղել՝ չնայած ԱՄՆ-ը նրանց ամենախոշոր արտահանման շուկան է։

Volkswagen-ի կազմում ընդգրկված Audi ապրանքանիշը, որը չունի արտադրություն ԱՄՆ-ում, պլանավորում է որոշ մոդելների արտադրություն տեղափոխել այնտեղ՝ չնայած, ինչպես նշում է ընկերությունը, այս ծրագիրը նախորդում է Թրամփի վարչակազմի ձևավորմանը։

«Մինչ այս պահը մենք ունեցել ենք բացարձակապես արդար և կառուցողական քննարկումներ։ Ես անձամբ եղել եմ Վաշինգտոնում, և դրանից հետո մեր շփումները շարունակվել են պարբերական ռեժիմով», — ասել է Բլյումեն։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ է առաջարկում Volkswagen-ը՝ մաքսատուրքը նվազեցնելու 25 տոկոսանոց դրույքի փոխարեն, Բլյումեն նշել է․ «Volkswagen խումբը ցանկանում է ավելացնել իր ներդրումներն ԱՄՆ-ում։ Մենք ունենք աճի ռազմավարություն»։ Նրա խոսքով՝ Volkswagen-ն արդեն ունի ավելի քան 20,000 ուղղակի աշխատակից ԱՄՆ-ում և շուրջ 55,000 աշխատատեղ՝ անուղղակի ձևով։ Նա նաև առանձնացրել է ընկերության՝ 5.8 միլիարդ դոլար ներդրումը ամերիկյան Rivian ընկերությունում։

«Մենք ցանկանում ենք այս հիմքի վրա կառուցել նոր, մասշտաբային ներդրումներ», — ասել է Բլյումեն՝ հավելելով, որ այդ ներդրումային պարտավորությունները պետք է հաշվի առնվեն ԱՄՆ-ի մաքսային քաղաքականության հարցում որոշումներ կայացնելիս։ Volkswagen-ի ղեկավարն ընդգծել է նաև, որ հուսով է՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կկարողանան հասնել լայնածավալ համաձայնության՝ բոլոր ոլորտների համար։

Բլյումեն, սակայն, խուսափել է հստակ ժամկետ նշել այն հարցում, թե երբ կարող է կնքվել համաձայնությունը Վաշինգտոնի հետ՝ չնայած BMW-ի ղեկավար Օլիվեր Ցիպսեն վերջերս նշել էր, որ մաքսատուրքերը, հնարավոր է, նվազեն հուլիսից։ «Իհարկե, ես նույնպես կցանկանայի, որ դա տեղի ունենար արագ։ Բայց դա կախված է բազմաթիվ գործոններից, և ես չեմ կարող որևէ բան խոստանալ», — եզրափակել է նա։

May be an image of sedan, wheel and text