Բաքվի իշխանական լրատվամիջոցին հայտնի է դարձել, Սաբայիլի շրջանի դատարանը Սալեհ Սամեդովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորսամսյա նախնական կալանքը: Առաջին հայացքից այս տեղեկությունն ուշադրության արժանի չէ.
Ադրբեջանում ամեն օր ալիևյան դատարանները համանման տասնյակ վճիռներ են կայացնում, բայց Սալեհ Սամեդովի գործը քաղաքական բացառիկ կարևորություն ունի:
Բանն այն է, որ նա, հանդիսանալով Իմիշլիի շրջանի Սարիխանլու համայնքի ավագների խորհրդի նախագահ, ֆաշիզմի դեմ հաղթանակի հոբելյանական տարեդարձի օրը Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի մոտ հանդիսավոր միջոցառում է կազմակերպել, որի ընթացքում բարձրացվել է Խորհրդային Միության դրոշը, մասնակիցներին բաժանվել են «Գեորգիևյան ժապավեններ», իսկ հանդիսության ավարտին հնչել է հանրահայտ «День победы» երգը:
Այդ առթիվ նույն օրն Իմիշլիի գործադիր իշխանությունից մամուլին ասել են, որ «հետաքննությունն է սկսվել»: Ըստ երևույթին, Սալեհ Մամեդովը նույն օրը ձերբակալվել է, նրան զրկել են գյուղական համայնքի ավագների խորհրդի նախագահի պաշտոնից, հեռացրել այդ կազմակերպության անդամությունից և կալանավորել:
Կոնկրետ ի՞նչ մեղադրանք է ներկայացվել Սամեդովին, հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ, նա մեղադրվում է հայրենիքի դավաճանության և այլ երկրի օգտին լրտեսության մեջ:
Ըստ երևույթին, նման միջոցառում կազմակերպելու հարցում Սամեդովն ունեցել է Բաքվում ՌԴ դեսպանության աջակցությունը: Չափազանց ուշագրավ է, որ Սամեդովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին տեղեկությունը պատկան մարմինները մամուլին տրամադրել են Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի և ՌԴ փոխարտգորրծնախարարի հանդիպման հաջորդ օրը:
Իսկ այդ հանդիպմանը կողմերը կարևորել են դաշնակցային ռազմավարական համագործակցության մասին 2022 թվականի փետրվարին Պուտին-Ալիև մակարդակով ընդունված հռչակագրի դրույթներին համապատասխան խորացնելու անհրաժեշտությունը:
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի մոտ ԽՍՀՄ դրոշը բարձրացնելու, հաղթանակը խորհրդանշող «Գեորգիևյան ժապավեն» կրելու և «День победы» երգը հնչեցնելու համար պատկառելի տարիքի մարդուն մեղադրել պետական դավաճանության կամ այլ պետության օգտին լրտեսություն անելու մեջ՝ փաստացի նշանակում է նվաստացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով այդ արարողակարգի վերականգնողը, ջատագովը և քաղաքական պաշտպանն է:
Ավելին, դատական այդ ակտը խորհրդանշում է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի նախագահի հետ ստորագրած հռչակագրի դրույթներից հրաժարվելու Ալիևի մտադրությունը կամ ուղղակի ազդակ է, որպեսզի Մոսկվան այդ հարցով «այլեւս չանհանգստացնի»:
Ամենևին էլ պատահական չէ, որ Լաչինում Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանը կոչել է «Թուրքիայի երկրամաս»: Վլադիմիր Պուտինն ինչպե՞ս կարձագանքի այս նվաստացմանը: Կարձագանքի՞: Այս հարցը, երևի, այլևս էական չէ: Ադրբեջանը չի ներգրվում պուտինյան «Մեծ Եվրասիա» նախագծին: Եվ դրանից պետք է լրջագույն հետևություններ անել:
Բաց մի թողեք
Էրդողանը կկանգնի տարածաշրջանը «հոշոտողների» կողքի՞ն, իսկ Իրանը կկապիտուլացվի՞
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող մի քանի կարևոր օբյեկտների, Իրանը սպառնում է պատասխանել․ Լուսանկար
Իրանաիսրայելական առճակատման ֆոնին ակտիվացել է իրանական վերջին միապետի որդին՝ գահաժառանգ արքայազն Ռըզա Փեհլեւին