Ռուսաստանը ստացել է խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրի Ուկրաինայի տարբերակը։ Այս մասին ռուսական պետական լրատվամիջոցներին հայտնել է Ստամբուլի խաղաղ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Նրա խոսքով՝ հուշագիրը հանձնվել է ուկրաիներեն և անգլերեն լեզուներով։
«Հոգ չէ, մենք գլուխ հանեցինք: Մեր պատվիրակության մեջ կան մարդիկ, ովքեր տիրապետում են տարբեր լեզուների։ Օրինակ նրանցից երկուսն ազատորեն տիրապետում են ճապոներենի», – նշել է Մեդինսկին։
Նա նաև նշել է, որ փաստաթղթի հիմնական կետերն արդեն հրապարակվել են արևմտյան լրատվամիջոցներում։
Ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հրատարակությունը հաղորդում է, որ հուշագրում Կիևը Մոսկվայից պահանջել է անվերապահորեն զինադադար «երկնքում, ցամաքում և ծովում»՝ որպես բանակցությունների պայման։
Բացի այդ, ուկրաինական կողմը պահանջում է երկրից արտաքսված և անօրինական կերպով տեղահանված բոլոր երեխաների վերադարձ և գերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով՝ որպես վստահության ամրապնդման միջոց։
Ուկրաինան նաև ակնկալում է Ռուսաստանի Դաշնությունից ստանալ հուսալի անվտանգության երաշխիքներ՝ «ագրեսիայի չկրկնվելու» վերաբերյալ։
«Ուկրաինան չի պարտավորվում չեզոք լինել։ Պետությունը կարող է ընտրել Եվրատլանտյան համայնքի մաս կազմելը և շարժվել դեպի ԵՄ անդամակցություն։ Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է Դաշինքի ներսում կոնսենսուսի առկայությունից։ Չի կարող սահմանվել որևէ սահմանափակում Ուկրաինայի պաշտպանության ուժերի թվաքանակի, տեղակայման և այլ պարամետրերի, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում օտարերկրյա բարեկամ պետությունների զորքերի տեղակայման վերաբերյալ», – փաստաթղթից մեջբերում են լրատվամիջոցները։
Այն նշում է, որ 2014 թվականից հետո Ռուսաստանի Դաշնության տարածքային ձեռքբերումները չպետք է ճանաչվեն միջազգային հանրության կողմից, և Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները պետք է հանդիպեն՝ կարգավորման հիմնական ասպեկտների շուրջ համաձայնության գալու համար։
Կիևը նաև թույլատրել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների փուլային և աստիճանական վերացում՝ անհրաժեշտության դեպքում դրանք երկարաձգելու հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 2-ին, Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Ուկրաինական պատվիրակությունը, ինչպես նախորդ անգամ, կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, ռուսական պատվիրակությունը՝ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Բաց մի թողեք
Որևէ «համաձայնություն» չկա հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ. Արաղչի
Իսրայելը համաձայնել է Իրանի հետ հրադադարին, հասել ենք մեր առջև դրված ռազմական նպատակին. Նեթանյահու
Այս քաոսը պետք է ավարտվի․ Մակրոն