08/06/2025

Ռուսաստանի լռությունը Բաքվում պարտվողական ու «պերճախոս» է

Ռուսաստանի ԱԳՆ հայտնել է, որ Բաքվում կայացել է Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներում ՌԴ դեսպանների հավաք՝ ՌԴ փոխարտգործնախարար Գլուշկոյի մասնակցությամբ:

Ըստ ՌԴ ԱԳՆ տեղեկության՝ Բաքվում կայացած հավաքի ընթացքում քննարկվել է «Ռուսաստանի դեմ Եվրոպայի հիբրիդային պատերազմի ֆոնին առկա իրավիճակը, տրվել են հանձնարարականներ երկկողմ հարաբերությունների առնչությամբ, ուշադրության է արժանացել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության կեղծարարությանը հակազդելու և պատմական հիշողության պահպանման խնդիրը»:

Շատ խոսուն թեմա է, առավել ևս՝ Բաքվում: Այն Բաքվում, որի պետական քաղաքականությունը օկուպացված Արցախում ոչնչացնում է հայկական ժառանգությունը, այդ թվում նաև այն ամենը, ինչ կապված է Երկրորդ աշխարհամարտի՝ և առավել ևս, ինչպես Ռուսաստանում է ասվում՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի հետ:

Ոչնչացվում են Արցախից դրա մասնակից մարշալների, այլ հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, տարբեր կոթողները, հիմնահատակ հավասարեցվում են հողին: Բոլորովին վերջերս ոչնչացվեց Հայրենական պատերազմի մասնակից, Խորհրդային մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը, որ գտնվում էր Ստեփանակերտում՝ նրա անունը կրող փողոցում:

Ահա այդ պետական վանդալիզմի քաղաքականությունն իրականացնող մայրաքաղաքում՝ Եվրոպայում հավատարմագրված ՌԴ դեսպանները հավաքվում են ու ստանում հանձնարարականներ, Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներում Երկրորդ աշխարհամարտի պատմությունը կեղծելու դեմ հակազդեցության համար:

Նշվում է, որ ՌԴ փոխարտգործնախարարն ու Եվրոպայում հավատարմագրված դեսպանները Բաքվում հանդիպել են նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ՝ քննարկելով միջազգային և ռեգիոնալ հարցեր:

Իսկ Բայրամովին գոնե մի քանի բառ ասվե՞լ է Արցախում Երկրորդ աշխարհամարտին ԽՍՀՄ հաղթանակին և դրանում արցախցիների հերոսական մասնակցությանը նվիրված հուշարձանների ոչնչացումը դադարեցնելու, պատմության դեմ վանդալիզմը դադարեցնելու մասին:

Հաղորդագրությունն այդ մասին լռում է, և թերևս, այդ լռությունը «պերճախոս» է: