23/06/2025

Ռուսաստանի խորքում՝ 1300 կմ հեռավորության վրա Ուկրաինայի անօդաչուները խոցել են ռազմարդյունաբերական օբյեկտ Չուվաշիայում. Լուսանկար

Թիրախը եղել է ռազմավարական նշանակության գործարան, որը արտադրում էր նավիգացիոն համակարգեր և ընդգրկված է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում։
Ուկրաինական անօդաչուները Ռուսաստանի Չուվաշիայի տարածքում՝ Ուկրաինայի սահմանից 1300 կմ հեռավորության վրա, խոցել են ռազմարդյունաբերական օբյեկտ։ Սա վերջին երեք տարիների ընթացքում Ուկրաինայի ամենախորը և ամենաուշագրավ հարվածներից մեկն է։ Խոսքը VNIIR ռազմարդյունաբերական ընկերության մասին է, որը մասնագիտացած է բարձր ճշգրտության նավիգացիոն համակարգերի արտադրության մեջ, այդ թվում՝ հարվածային անօդաչուների և ուղղորդվող ռումբերի համար։
Չուվաշիայի նահանգապետ Օլեգ Նիկոլաևը հայտարարել է, որ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով գործարանում արտադրական գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է։ Նա հայտնել է, որ մեկ այլ անօդաչու ընկել է նաև մայրաքաղաք Չեբոքսարիի մերձակայքի դաշտերում։
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ երկու անօդաչու սարք հարվածել են հենց գործարանի տարածքին՝ առաջացնելով խոշոր հրդեհ։ Ռոյթերսը հաղորդել է, որ չի կարող անկախ հաստատել հրդեհի մասին տեղեկատվությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, որը սովորաբար հայտնում է միայն խոցված անօդաչուների թիվը, հաղորդել է, որ Չուվաշիայի վրայով ոչնչացվել են երկու անօդաչու սարքեր։ Ընդհանուր հաշվով, ըստ նրանց, ռուսական ՀՕՊ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում խոցել են 49 ուկրաինական անօդաչու։
Անօդաչուների հարվածի թիրախ դարձած VNIIR-ը ընդգրկված է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում՝ որպես Ռուսաստանի ռազմական արտադրության առանցքային հաստատություն։
Ուկրաինայի զինված ուժերը շեշտել են, որ նման հարվածները նպատակ ունեն ոչնչացնելու Ռուսաստանի այն ենթակառուցվածքները, որոնք անմիջականորեն ներգրավված են Ուկրաինայի դեմ պատերազմում, և դրանք պատասխան են ռուսական պարբերական հրթիռային և օդային հարձակումներին։
Բացի այդ, ուկրաինական կողմը հայտնել է ևս մեկ հարվածի մասին՝ իրականացված Վորոնեժի շրջանում, որտեղ խոցվել է գազատար խողովակաշար, ինչի արդյունքում դադարեցվել է գազամատակարարումը 22 սպառողի համար։
May be an image of fire and text