14/06/2025

Փաշինյանը «քաստինգ է» հայտարարել՝ ներկայանալ լողազգեստերով, աղանդավորի վկայականը՝ թաքցրած

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում նոր «քաստինգ» է հայտարարել, որպեսզի ստեղծի Համակարգող խումբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար։

Այսպես, համակարգող խմբի անդամ դառնալու համար երկրի Կառավարության գլուխը սահմանել է հետևյալ չափորոշիչները՝ հավատալ Հիսուս Քրիստոսին, գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացած լինել Աստվածաշունչը, վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինել Մեծ պահքը, ամեն օր աղոթել։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։

Որպեսզի «քաստինգն» արդար անցնի, ինքն անձամբ է ընտրելու առաջին տասը մասնակիցներին։ Հարցազրույցի փուլի ու ընդունելության մասին մանրամասները դեռևս հայտնի չեն։ Նաև պարզ չէ, թե ինչպես է Փաշինյանը ստուգելու՝ մարդիկ ամեն օր աղոթո՞ւմ են, պահք պահե՞լ են, կամ կատարո՞ւմ են աստվածաշնչյան բոլոր պատվիրանները։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար, թերևս, պետք է սպասենք Փաշինյանի հաջորդ գրառմանը։

Գիտակից քաղաքացուն կթվա, թե վերը նշված ամբողջ բովանդակությունը ապրիլմեկյան ուշացած կատակ է․․․, բայց ոչ, սա «իրական» Հայաստանն է, որտեղ երկրի առաջին դեմքը կարող է նման հայտարարություն անել՝ անտեսելով բոլոր բարոյական ու իրավական նորմերը։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից: Պետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու պատմական բացառիկ դերը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Ուստի, ամենաարդար նպատակներից ելնելով անգամ, Փաշինյանն իրավունք ու լիազորություն չունի խառնվելու եկեղեցու գործերին, ուր մնաց նոր Կաթողիկոսի ընտրության համար հանձնաժողով ձևավորելու ու «քաստինգ» հայտարարելու։

«2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով նախատեսված է օրինականության սկզբունքը, ըստ որի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնցով իրենց լիազորել է Սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ներհարաբերություններին, վեհափառին ինչ-որ կոչեր անելու իրավասություն, ըստ Սահմանադրության, չունի։ Ինքը պարտավոր է անել միայն այն, ինչ իրեն օրենքը թույլ է տալիս։ Իսկ հիմա ինքը հերթական անգամ իր լիազորությունների ու պարտավորությունների շրջանակից դուրս է գալիս ու կատարում է գործողություններ, որոնք չեն բխում իր կարգավիճակից»,- ասել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այս քայլը քրեորեն պատժելի է, քանի որ նա ոտնատակ է տալիս ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը․ «Բայց քանի որ մենք ապրում են իրավական ճգնաժամում, որևէ հետևանք սպասել չենք կարող»։