Իսրայելը հայտարարել է, որ սկսում է երկարատև ռազմական գործողություն՝ Թեհրանի միջուկային հավակնությունները չեզոքացնելու նպատակով։
Ուրբաթ օրը՝ վաղ առավոտյան, իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բալիստիկ հրթիռների գործարաններին և ռազմական հրամանատարական կենտրոններին։ Նաթանզի միջուկային հարստացման գլխավոր կենտրոնում գրանցված պայթյունները առաջինն էին՝ ըստ ականատեսների և տեղական լրատվամիջոցների։
Իրանական Հեղափոխական պահապանների կորպուսը հայտնել է, որ սպանվել է իր բարձրաստիճան հրամանատար Հոսեյն Սալամին։ «Թեհրանում գործող այդ կառույցի շտաբը ևս հարվածների թիրախում է հայտնվել»՝ նշել են պետական լրատվամիջոցները։
«Մենք կանգնած ենք Իսրայելի պատմության վճռորոշ պահի առաջ»,– հայտարարել է վարչապետ Նեթանյահուն իր տեսաուղերձում։ «Իսրայելը սկսել է թիրախային ռազմական գործողություն՝ վերացնելու այն սպառնալիքը, որը վտանգում է մեր երկրի գոյությունը։ Այս գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ սպառնալիքը վերացված չէ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իսրայելական գործողության մասին տեղյակ է եղել, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել հարձակմանը։ Վաշինգտոնում համարվում է, որ Իրանին չի կարելի թույլ տալ ձեռք բերել միջուկային զենք։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ի առաջնահերթությունը տարածաշրջանում ամերիկացի զինծառայողների անվտանգությունն է, և զգուշացրել է Թեհրանին՝ զերծ մնալ ամերիկյան շահերին ու անձնակազմին ուղղված հարձակումներից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ նախազգուշացնելով Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ հակամարտության սպառնալիքի մասին։ Մինչ այդ, Բեն Գուրիոն օդանավակայանը փակվել է մինչև հաջորդ ծանուցումը, իսկ իսրայելական զինված ուժերը բերել են բարձր պատրաստվածության վիճակի՝ սպասելով իրանական հնարավոր հարձակումներին։
Բաց մի թողեք
Իսրայելի հարձակումը հիմարություն էր, կստիպենք թշնամուն զղջալ հիմար քայլի համար. Իրանի նախագահ
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանին
Պետք է պատրաստ լինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին