22/06/2025

ԱՄՆ-ի hարձակումը երկարաժամկետ հետևանք կունենա, Իրանն իրեն վերապահում է պաշտպանվելու բոլոր տարբերակները. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով «Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների» վրա։

Այս մասին նա գրել է «X»-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Միացյալ Նահանգների կողմից հարձակումը կունենա երկարաժամկետ հետևանքներ։

«ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք է տագնապած լինի այս չափազանց վտանգավոր, անօրինական և հանցավոր վարքագծից։ ՄԱԿ-ի կանոնադրության և դրա դրույթների համաձայն, որոնք թույլ են տալիս օրինական ինքնապաշտպանություն, Իրան իրեն վերապահում է բոլոր տարբերակները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին», – հավելել է Արաղչին։

Միևնույն ժամանակ, Իրանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերով լի բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

Թրամփը ուղիղ հայտարարել է այսմասին, շնորհավորել ամերիկացի և իսրայելցի զինվորականներին ու նշել, թե պատմական պահ է ԱՄՆ-ի, Իսրայելի և աշխարհի համար:

Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարված հասցնել, եթե Իրանի հարցը չլուծվի, Իրանը չհամաձայնի բանակցությունների կամ պատասխանի ԱՄՆ-ի հարվածներին»։