Ռուսաստանի նախագահ Պուտինը Մոսկվայում ընդունել է Իրանի ԱԳ նախարար Արաղչիին: Արաղչին Մոսկվա է մեկնել նախօրեին՝ Ստամբուլից, որտեղ մասնակցել է Իսլամական գործակցության կոնֆերանսի արտգործնախարարների հավաքին:
Պուտինի հետ Արաղչիի հանդիպումից առաջ Ռոյթերզ գործակալությունը տարածել է տեղեկություն, որ Իրանի ԱԳ նախարարը ՌԴ նախագահին է փոխանցելու Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի նամակը: Ըստ գործակալության՝ Ալի Խամենեին ռազմական աջակցություն է խնդրում Ռուսաստանից:
ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, ըստ էության, չի բացառել դրա հնարավորությունը: Ի պատասխան լրագրողների հարցի նա ասել է, որ Ռուսաստանը արդեն իսկ որպես աջակցություն առաջարկել է իր դիվանագիտական միջնորդական պատրաստակամությունը, նաև հստակ դատապարտել Իսրայելի գործողությունները:
Այլ օգնության առնչությամբ նա հայտարարել է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ օգնություն է ակնկալում Իրանը: Պեսկովը, ըստ էության առանց մեկնաբանության է թողել ռուսական ՀՕՊ միջոցների տրամադրման հնարավորությունը:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի մասին է խոսելու իրանական կողմն ու մեր իրանցի բարեկամները»,- ասել է Պեսկովը: Դա, ըստ էության, նշանակում է, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ընդհուպ պաշտպանական օգնություն, բայց դա կանի նաև հնարավոր քաղաքական պայմաններով:
Իրանն, իհարկե, ունի ՀՕՊ խնդիր, դա նկատելի է: Եթե Ռուսաստանը ամրացնի իրանական ՀՕՊ համակարգը, ապա դա կբարդացնի Իսրայելի հարվածները: Առանցքայինը, թերևս, այն է, որ կարող են բարդանալ նաև ԱՄՆ հնարավոր հարվածները:
Բացառված չէ, որ Ռուսաստանը դիտարկի այդ տարբերակը՝ հենց ԱՄՆ հետագա ներգրավվածությունը կանխելու տրամաբանությամբ: Էականը, իհարկե, այն է, թե ի՞նչ պայմաններ կունենա Մոսկվան՝ Թեհրանին աջակցելու համար:
Թվում է, որ Ռուսաստանը պարտավոր է ցուցաբերել այդ աջակցությունը՝ հաշվի առնելով թերևս և այն, որ Իրանն էլ Ռուսաստանին աջակցել է ուկրաինական պատերազմում: Սակայն, բացառված չէ, որ Թեհրանը աջակցել է ունենալով իր պայմաններում, և դրանք չեն ենթադրել անհրաժեշտության դեպքում ինքնաբերաբար փոխադարձություն:
Հակառակ պարագայում, դա որևէ կերպ կարտացոլվեր նաև ռուս-իրանական մեծ պայմանագրում: Ռազմական փոխօգնության հարցը երկուսի հարաբերություններում թողնված է թերևս այսպես ասած իրավիճակից բխող հանգամանքների շրջանակում, որոնք այսօր Մոսկվայում քննարկել են Պուտինն ու Արաղչին:
Հետաքրքիր է նաև այն, թե արդյո՞ք դրանից հետո կլինի ռուս-ամերիկյան որևէ շփում:
Բաց մի թողեք
Աշխատանքային խմբերի և ավելի բարձր մակարդակի հանդիպումներում ո՞րն է լինելու առաջնայինը
Միթե հնարավոր է համաշխարհային պատերազմի պայմաններում հայ – ադրբեջանական խաղաղություն
Ալիևը հանձնեց Նախիջևանը, Հայաստանը կարո՞ղ է այդ հանգամանքը նպատակային օգտագործել