08/07/2025

Սամվել Կարապետյանի պաշտպանները հետ են վերցրել նրա կալանքի դեմ վերաքննիչ բողոքը

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները հետ են վերցրել նրա կալանքի դեմ բողոքը, քանի որ չեն վստահում դատավորին:

Այս մասին հայտարարություն է տարածել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը:

Նա նշել է, որ նշված դիմումն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ի գիշերը ձերբակալվել էր գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին էր տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:

Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել:

Հունիսի 18-ին Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։

Սամվել Կարապետյանը ՌԴ-ի ամենահարուստ հայազգի գործարարներից է, նրա կարողությունը տարբեր հաշվարկներով գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար։