Այսօր՝ հունիսի 26-ին, «Չորրորդ իշխանություն» կայքը տարածել է յութուբյան 1991TV կոչվող ալիքի մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ իրավապահ մարմիններին տրված ապօրինի հանձնարարականների գաղտնալսում։
«Համացանցում շրջանառվում է մի գաղտնալսում, որից պարզվում է, որ «հիբրիդային պատերազմի» մասին գործը ամբողջությամբ թխված է իրավապահների կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամաններով: Հրապարակելով այդ ձայնագրությունը՝ դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազին՝ ձայնագրության իսկությունը անհապաղ քննելու և այն հաստատելու դեպքում Փաշինյանի նկատմամբ անհապաղ քրեական հետապնդում սկսելու պահանջով»,- գրել է կայքը։
Տեսանյութում, որի հիման վրա կայքը նման պնդումներ է արել, Փաշինյանի նկարն է ու նրա ձայնը՝ կասկածելի առոգանությամբ։
«Փաստերի ստուգման հարթակն» այդ ձայնագրությունը ստուգել է արհեստական բանականությամբ գեներացված տեսաձայնագրությունները հայտնաբերող երկու գործիքների միջոցով և պարզել, որ այն կեղծ է՝ deepfake։
Այսպես, համաձայն Deepware հարթակի վերլուծության՝ տեսանյութում հայտնաբերվել է deepfake․ մասնավորապես, արհեստական բանականությամբ գեներացված լինելու հավանականությունը գնահատվում է 96%:

Մեկ այլ՝ attestiv.com հարթակը վերլուծել է տեսանյութում լսվող ձայնն ու դրան տվել է կասկածելի կարգավիճակ՝ գնահատելով ԱԲ-ով գեներացված լինելու հավանականությունը 58%։

FIP.am-ը ChatGPT-ին ևս խնդրել է վերլուծել ձայնը․ դրա տրամադրած ակուստիկ պրոֆիլի համաձայն ևս՝ արհեստական բանականության կողմից ստեղծված կամ փոփոխված լինելու հավանականությունը մեծ է։ Մասնավորապես, ձայնի մոտավոր բարձրությունը (~50 Հց) ավելի ցածր է, քան բնորոշ է մարդու խոսքին, ինչպես նաև բացակայում է բնական խոսքին բնորոշ տոնի փոփոխականությունը (դինամիկան)։ Փոխարենը նկատվում է ձայնի կանոնավոր դինամիկա, ինչը բնորոշ է հենց ԱԲ-ով գեներացված խոսքին։
Այսպիսով, «Չորրորդ իշխանության» տարածած՝ Փաշինյանին վերագրվող ձայնագրությունը կեղծ է՝ գեներացված ԱԲ-ի միջոցով։ Հետևաբար, պնդումը, թե այն ապօրինի հանձնարարականների մասին գաղտնալսում է, փաստահեն չէ։
Նանե Մանասյան
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել