02/07/2025

Եռօրյա Tech Week կկազմակերպվի Լոռու մարզկենտրոն Վանաձորում․ Մանրամասներ․ Լուսանկար

Վանաձորում հուլիսի 4-ին կմեկնարկի տեխնոլոգիական ոլորտի սպասված միջոցառումներից մեկը՝ Tech Week-ը։ Այն տևելու է մինչև հուլիսի 6-ը և համախմբելու է ինչպես ոլորտի մասնագետներին, այնպես էլ ոլորտով հետաքրքրվողներին։ 

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Tech Week միջոցառման կազմակերպչական թիմի ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը նշեց, որ Վանաձորի ընտրությունը պատահական չէ և նպատակ է դրված «տեխնոլոգիական մայրաքաղաքի» կարգավիճակն ամեն անգամ տեղափոխել մարզեր։

«Մեր նպատակն է միավորել ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին,  փորձառուներին և սկսնակներին, առհասարակ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական ոլորտով։ Մենք բավականին հագեցած ծրագրով ենք հանդես գալու։  Անցկացվելու են կոնֆերանսներ, պանելային քննարկումներ, տեխնոլոգիական մրցույթներ, հաքաթոններ և այլ միջոցառումներ, դե իսկ ավարտին սպասվում է մեծ համերգ քաղաքի կենտրոնական հրապարակում»,- իր խոսքում ասաց Սպարտակ Կյուրեղյանը։

Tech Week-ի շրջանակում սպասվող միջոցառումները լինելու են մի քանի ուղղությամբ՝ տեխնոլոգիաներ, բիզնես և մարքեթինգ, կրթություն և կարիերա, համայնք և համագործակցություն, ինչպես նաև խոսվելու է մասնագիտական ներուժից և մոտիվացիայից։

Tech Week միջոցառման կազմակերպչական թիմի ղեկավար Գայանե Գրիգորյանը մասնավորեց, որ լինելու են ելույթներ, քննարկումներ տեխնոլոգիական ոլորտի զարգացման միտումներին մասին, անդրադարձ է կատարվելու հաջողված պատմություններին,  ինչպես նաև շեշտադրվելու է ներուժի բացահայտումը․ «Այո, այս առումով ակնկալիքներ ունենք և դա մեզ համար առանցքային է, քանի որ տեխնոլոգիական ոլորտում մարզի ներուժի բացահայտումը շատ կարևոր է մեզ համար։ Այդ նպատակով, բացի մոտիվացնող մասնագիտական կողմնորոշմանն առնչվող ելույթներից, մենք ունենալու ենք ակտիվ աշխատարաններ։ Դրանք օգնելու են շատերին ապագա մասնագիտության ընտրության, կողմնորոշման հարցում։ Ասեմ, որ այդ աշխատարանները վարելու են ոլորտի լավագույն մասնագետները»։

Tech Week միջոցառման կազմակերպչական թիմի ղեկավար Խաչատուր Հակոբյանը ընդգծեց, որ ոլորտով հետաքրքրվողների համար աշխատարաններ կազմակերպելուց զատ, հատուկ միջոցառումներ ունեն հենց արդեն գործող մասնագետների համար․ «Tech Week-ի շրջանակում անցկացնելու ենք հաքաթոն, որը հենց ուղղված է արդեն գործող մասնագետների ինքնաբացահայտմանը։ Մասնակցելու է 70 մասնագիտական խումբ, 200-ից ավելի անձ։ Նրանք 48 ժամվա ընթացքում պետք է լուծեն տեխնոլոգիական խնդիրներ։ Սա նաև համագործակցության լավ հնարավորությունների հարթակ է։ Շատերը նոր կապեր են հաստատում, հետագայում հանդես են գալիս համատեղ նախաձեռնություններով»։

Միտք․am-ի հարցին, թե սա որերորդ տարին է, ինչ կազմակերպվում է Tech Week-ը, նախորդները որտեղ են կազմակերպվել և ինչ արդյուքններ են արձանագրել, Սպարտակ Կյուրեղյանը հայտնեց, որ առաջինը եղել է Արցախում, երկրորդը՝ Գյումրիում, և ահա երրերդը կկազմակերպվի Վանաձորում, ինչ վերաբերում է արդյունքին, ապա շատ արդյունավետ է եղել, տեղում քննարկվել է կոնկրետ բիզնեսներ սկսելու հարցեր, խորհրդատվություններ են փոխանցել, ուղղություններ են ընտրվել։ Նա նշեց նաև, որ այդ  առումով հաջողված պատմությունները շատ են։

Մեր այն հարցին, թե լոռու մարզից կամ՝ հենց Վանաձորում կան տեխնելեգիական ընկերություններ, դրանք հրավիրված են՝ Սպարտակ Կյուրեղյանը հավաստեց, որ այո կան՝ և երևանյան ձեռնարկությունների մասնաճյուղ, որտեղ 80-ից ավելի աշխատակիցներ կան և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, որոնք հրավիրված են և կմասնակցեն բոլոր միջոցառումներին։ Ի մասնավորի, տեխնոլոգիական ընկերությւոնների ճնշող մեծամասնությունը մայրաքաղաքում է և միայն 10-20 տոկոսը մարզերում։

Tech Week-ի ավարտին բաց ու թափանցիկ քննարկումների ու քվեարկության արդյունքում կորոշվի, թե տեխնոլոգիական այս միջոցառումը հաջորդը որ քաղաքում է անցկացվելու։

Սիմոն Սարգսյան

Tech Week Armenia