03/07/2025

Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին

Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին` Հայաստան քրեակատարողական հիմնարկից:

Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկը հարց տվեց, թե արդյոք եղել են քննիչներ, ում հետ աշխատանքից գոհ եմ եղել ու մասնագիտական կարողությունների ու մարդկային արժանիքների մասին լավ կարծիք ունեմ: Բնականաբար այդպիսիք քիչ չեն եղել, բայց առաջին անունների մեջ նշեցի նախկին քննիչ Արգամ Դալլաքյանին, ով հիմա դատախազ է:
Ընդամենը մի գործով էի շփվել հետը, տպավորվել էի մասնագիտական մտքի ճկունությամբ, շփման մշակույթով, համեստությամբ:

Երկու օր առաջ իմանում եմ` Արգամը Միքայել Սրբազանին կալանքի տանող դատախազն է: Ասել թե սա վերջին ժամանակների ամենամեծ հիասթափությունն էր` նշանակում է ոչինչ չասել: Երբ որ քաղաքական հետապնդումների կիզակետում են հայտնվում անգրագետ, ոչ մի արժանիք չունեցող մարդիկ, ինչ-որ տեղ հասկանում եմ դրանց շարժառիթը` այլ պայմաններում ոչնչի չէին կարող հասնել, հիմա իրենց ծառայամտությամբ կարճաժամկետ նյութական հաջողություններ են ունենում: Բայց երբ այդ գործին կպնում են այնպիսի մարդիկ, ինչպես Արգամն է, հասկանում ես, որ շատ ավելի խորը բարոյական ճգնաժամի մեջ ենք: Ստորաքարշ մարդիկ ընկնելուց չեն վախենում, իրենք միշտ ներքևում են, նորմալ մարդկանց համար է վտանգավոր անկումը: Կուզեի իհարկե լսել, որ Արգամը էս քայլին գնացել է ճակատագրական հանգամանքներից դրդված, կամ ինչպես դասականը կասեր` զենքը դրել են գլխին, ստիպել են ստորագրի, բայց գիտեմ, որ այդպես չի, ուղղակի կատարվել է ընտրություն մեր օրերում քիչ գնահատվող պարկեշտության, արդար աշխատանքի ու նյութի միջև:

Կարծում եմ այս ամենը կհասնի Արգամին, հենց հիմա կարող եմ զանգել ու անձամբ ասել, բայց այսպիսի ընտրության կատարած մարդու հետ «չկա խոսալու»:

Ու անչափ հետաքրքիր է` արդյոք որոշում կայացնելիս Արգամը կշեռքի նժարին դրել է իր նախկին վաստակը, իր մասին մարդկանց ունեցած կարծիքները, թե դրանք երբեք էլ նշանակություն չեն ունեցել: Արդյոք մտածել է, որ այս գործը տարբերվում է մնացած մյուս գործերից, որ սա արդեն սովորական դարձած քաղաքական հետապնդում չի, որ այս գործն առաջ տանելը թուրքական էքսպանսիայի գործիք ծառայել է նշանակում: Հույս ունեմ` ուղղակի չի մտածել:

Վերնագրում ներկայացել եմ որպես քաղբանտարկյալ, զավեշտի համար չեմ գրել: Միայն կալանավայրում գտնվողները չեն այդ կարգավիճակում, ես էլ եմ ազատության մեջ բանտարկված Հայաստանի նեղացող սահմաններում, դու էլ, Արգամ, բանտարկված ես քո ընտրության նեղ խցում, որից դուրս գալու համար այլևս չունես շատ հեռանկարներ:

Բարեկամաբար մի խորհուրդ պիտի տամ` վերջինը. եթե ուզում ես ազատել քեզ այն խայտառակությունից, որ բերել ես քո ու սերունդներիդ վրա, արա երկու պարզ գործողություն

1. աշխատանքից ազատման դիմում գրիր

2. գնա Էջմիածին ապաշխարության

հ.գ. երեկ դատախազության օրն էր: Տոնդ շնորհավոր, Արգամ: