11/07/2025

Եկեղեցական ինչ տոն է այսօր

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է  Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի հիշատակության տոնը։ 

Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը:

Լինելով կրթված և հմուտ`  երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:

Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո` թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Ս. Մեսրոպը զգում է հայ տառերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը:

Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք:

Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են այն կատարում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»: Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում:

Ինչպես վկայում է ավանդությունը, Ս. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:  Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ:

Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան տոնին չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սուրբ Խաչի չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

Տոնի առիթով Հայր Զաքարիան գրում է. «Այսօր Հայոց Եկեղեցին ոգեկոչում է Ս. Թարգմանիչ հայրերի՝ Ս. Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի անմահ հիշատակը: Երկու նվիրյալ անձերի, ովքեր Աստծու խոսքով զորացած և ազգային բարձր գիտակցությամբ կարողացան հեղաշրջել հայ մարդու միտքը՝ տալով ազգի հարատևելու գաղտնիքը:

Նրանց մշտամնա պատգամը նույնն է. «Ո՛վ հայ, ՍԻՐԻ՛Ր Հայրենիքդ, հողդ, ջուրդ, ՀԱՎԱՏԱՐԻ՛Մ մնա ազգային-եկեղեցական արժեքներիդ և ՊԱՀԻ՛Ր առաքելական հավատդ»: