Տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունների հաջորդ զոհն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է: Երեկ նույնիսկ սպասվում էր, որ ԱԱԾ-ն մտնելու է Վեհարան եւ ինչ-որ գործողություն անի:
Մարդիկ ելնում էին Նիկոլ Փաշինյանի հերթական հակաեկեղեցական գրառումից, որտեղ նա նշել էր, որ ինքն անձամբ է առաջնորդելու Եկեղեցու դեմ գրոհը: Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի եւ Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ հակաեկեղեցական արշավի մասին «Հրապարակը» զրուցել է արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանի հետ:
– Վարչապետ Փաշինյանն արդեն մեկ ամիս է՝ թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին, պնդում է, որ Վեհափառը պետք է լքի Վեհարանը, որ նա եւ այլ հոգեւորականներ դրժել են կուսակրոնության ուխտը, շնաբարո են, մանկապիղծ, եկեղեցիներն էլ վերածել են չուլանների: Ձեր կարծիքով՝ ո՞րն է այս ամենի նպատակը:
– Նպատակի մասին հստակ կարող է ասել նա, ով թիրախավորել է Եկեղեցին: Ես կարող եմ ընդհանուր գնահատական տալ: Այն քաղաքական, պետական մոդելը, որ Հայաստանում գոյություն ունի ի սկզբանե, անկախության շրջանում է ձեւավորվել եւ նոր բան չէ, մենք լավ բան չենք կարող սպասել: Այն իշխանության գերկենտրոնացման մոդել է: Իշխանությունը հայտնվում է մեկ անձի ձեռքում, ու ամեն ինչ սկսում է գնալ սխալ ճանապարհով: Ի դեպ, կարեւոր չէ՝ վարչապետ կլինի, նախագահ կլինի: Քաղաքական այս մոդելը Հայաստանի համար փակուղային է: Անկախ անձերից, անկախ այն բանից, թե ով է իշխանություն եւ ով` ընդդիմություն, մի բան պարզ է՝ Հայաստանը սխալ քաղաքական մոդելով է առաջնորդվում, այն փակուղային է եւ միայն խնդիրների է հանգեցնում: Եկեղեցու դեմ պայքար, տարբեր հասարակական-քաղաքական գործիչների դեմ պայքար եւ այլն՝ սխալ պետական մոդելի արգասիքն է: Ընդդիմությունը պետք է ոչ միայն իշխանության համար պայքարի, այլեւ՝ պետական մոդելի:
– Ինչպիսի՞ կառավարման մոդել եք պատկերացնում:
– Հայաստանը պետք է լինի ժողովրդավար երկիր, այլ ոչ թե գործի գերկենտրոնացած ավտորիտարիզմ: Պետք է զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ գործի, պետք է լինի գործուն ընդդիմություն, որը կկարողանա հակակշռել իշխանության ամեն մի որոշում եւ այլն: Բայց քանի որ մենք չենք հասել այդ կետին, ունենալու ենք տարատեսակ խնդիրներ՝ բոլոր ասպեկտներում:
– Բայց գործող Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
– Ես այս սահմանադրության ամենամեծ քննադատներից եմ եղել՝ դեռ ՀՀԿ-ական պատգամավոր եղած ժամանակներից: Ես այս սահմանադրությունը կոչել եմ եւ նորից եմ կոչում՝ մեռելածին սահմանադրություն: Այդ նույն սահմանադրության մեջ հստակ նաեւ գրված է, որ իշխանությունը գերկենտրոնացված է մեկ անձի ձեռքում: Ստացվում է, որ մեկ անձը կարող է տիրապետել ողջ իշխանությունը:
– Այսինքն՝ կո՞ղմ եք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը:
– Ես չեմ տեսել նոր սահմանադրության տեքստը: Միայն լսել եմ, որ խոսքն Անկախության հռչակագրի մասին է, գուցե կա շատ լավ սահմանադրության նախագիծ, ես, անկեղծորեն, այն չեմ տեսել:
– Եթե Սահմանադրությունից հանվում է Անկախության հռչակագրի մասը, այն կարո՞ղ է լավ Սահմանադրություն լինել:
– Չեմ կարծում, որ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի մասն ամենակարեւորն է: Շատ կարեւոր է, սակայն՝ ոչ ամենակարեւորը:
– Իսկ ո՞րն է ամենակարեւոր մասը:
– Իշխանության մասը: Գործող սահմանադրությամբ՝ իշխանությունը պատկանում է մեկ անձի, անկախ նրանից, թե ով է այդ անձը:
– Բայց մենք խորհրդարանական երկիր ենք համարվում, խորհրդարանն է իբրեւ թե ամենակարեւոր մարմինը:
– Սրանք՝ բոլորը, առանձին հարցեր են: Ընդհանուր խնդիրն այլ տեղում է: Բոլոր այն գործիչները, ովքեր իսկապես ցանկանում են գալ իշխանության եւ զբաղվել քաղաքականությամբ, ապա պետք է մտածեն այս կարեւոր հարցերի մասին:
– Իսկ կո՞ղմ եք, որ կաթողիկոսը փոխվի:
– Դա, ըստ իս, ամենակարեւոր հարցը չէ: Հիմա բոլորը բոլորին հայհոյում են: Մեր քաղաքական մշակույթն է իջել այդ մակարդակին:
Բաց մի թողեք
Քննիչ Յուրիկ Սարգսյանը հայտարարագիրը թերի է լրացրել
Էջմիածնի նախկին քաղաքապետը հարցաքննվել է. Գասպարյանի ընտանիքի շուրջ գործընթացներ կսկսվեն
Սպառողական զամբյուղի մթերքներն ամռան շեմին կրկին թանկացել են