Վերջին երկու տարիներին աննախադեպ քանակի քրեական գործեր են հարուցվել: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը համեմատություն է անցկացրել ու պարզել, որ 2017 թվականի համեմատ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը գրեթե 4 անգամ ավելացել է:
Հրապարակ թերթը գրել է․ «2017-ին դատախազությունը դատարան է ուղարկել 3 հազար 386 քրեական գործ, 2018-ին` 2 հազար 875, 2019-ին` 3 հազար 241, 2020-ին` 3 հազար 728, 2021-ին` 4 հազար 576, 2022-ին` 4 հազար 598, 2023-ին` 7 հազար 656, 2024-ին` 11 հազար 223, 2025-ի առաջին կիսամյակում` արդեն 6 հազար 111 գործ»,- գրում է նա սոցցանցում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ, ըստ դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, 2024 թվականին միջին ծանրության եւ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների գծով մեծ փոփոխություններ չեն եղել:
Միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով (2023-ին՝ 12 հազար 848 դեպք, 2024-ին՝ 12 հազար 253), ծանր հանցագործությունների դեպքերը՝ 598-ով կամ 9.8%-ով (2023-ին՝ 6 հազար 116, 2024-ին՝ 5 հազար 518 դեպք), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով (2023-ին՝ 1678, 2024-ին՝ 2100 դեպք):
2,8 մլն բնակչության պայմաններում, որի 30 տոկոսը թոշակառու է, 30 տոկոսը՝ երեխա, համաձայնեք, կես տարում 6 հազարից ավելի վարույթն ահռելի թիվ է: Քննչական կոմիտեի բացատրությունը, թե քրեական վարույթներն ավելացել են, քանի որ վերսկսվել են նախկին տարիներին կասեցված քրեական գործերը, համոզիչ չէ: Վերսկսումները չէին կարող եռակի, քառակի աճի բերել: Սրան համապատասխան ավելացել են կալանքի կիրառման դեպքերը, ընդ որում՝ տնային կալանքը, որը լայնորեն կիրառվում է քննչական պրակտիկայում` որպես խափանման միջոց, եւ, ըստ մասնագետների, իր խստությամբ ամենեւին էլ չի զիջում ազատազրկման ձեւով կալանքին: Կալանքը դառնում է հիմնական պատժամիջոցը: Ասում են՝ այնքան են ավելացել կալանքի միջնորդությունները, որ անգամ կալանք «պեչատող» դատավորները, որոնք կարող են կալանքի հիմք ընդունել նույնիսկ ԺԷԿ-ի տեղեկանքը, լաց են լինում քննիչների կազմած միջնորդությունների վրա` ասելով, որ այսքան կալանք ու վատ քննած գործ երբեք չեն տեսել: Անգամ նրանք՝ կալանք դակող այդ դատավորներն են դժվարանում քննիչների ներկայացրած «մակուլատուրայի» հիման վրա կալանք բավարարել:
Ինչո՞վ է բացատրվում կալանքի ավելի հաճախ կիրառումը: Ըստ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի՝ բացատրությունը քաղաքական դրդապատճառներով զանգվածային մեղադրանքներն են: «Այնքան շատ են քաղաքական գործերը, որ բանտում տեղ չկա: Այս պահին իրենք շատ լուրջ խնդիր ունեն, թեեւ արդարադատության նախարարությունը հերքում է, բայց հենց այս պահին, օրինակ, քրեական ենթամշակույթ կրելու մեղադրանքով մարդկանց, որոնք պետք է ԱԱԾ կալանավայրում պահվեն, հանում տանում են այլ կալանավայրեր, որ նրանց փոխարեն քաղաքական մեղադրանքներով մարդկանց բերեն: Տնային կալանք կիրառելն էլ իրենց ձեռք է տալիս, որովհետեւ այդտեղ եվրոպական փողեր են պտտվում, գրանտներ, եւ իրենց պետք է, որ շատ մարդիկ նստեն, որ գրանտները լափեն, այդ սարքերը գնեն»:
Ըստ Ալեքսանդր Կոչուբաեւի՝ ներկայում դատարանների «դատախազացման» գործընթացում ենք: «Մենք 30 տարի սրանից մաքրվում էինք, բայց հիմա նորից այդ նույն՝ դատարանների դատախազացման պրոցեսում ենք: Ու կարեւոր չէ, թե ինչ դատախազ է, ինչ է բերում դատարան: Դատավորը նոտարի պես զուտ կնքում է այդ թղթերը»:
– Ի՞նչ հարց է լուծվում կալանքն այսքան հաճախ կիրառելով: Ուզում են վախեցնե՞լ, ուզում են կալանքը դարձնել պատի՞ժ:
– Կալանքը ռեպրեսիայի միջոց է, հասարակությանը սարսափի, վախի մթնոլորտում պահելու համար, իսկ վախեցած հասարակությունը շատ ավելի հեշտ է կառավարվում: Սա տեխնոլոգիական հնարք է:
– Ըստ փաստաբան Սիրունյանի հրապարակած թվերի՝ 2017 թվականից մոտ 4 անգամ ավելացել է հարուցված քրեական վարույթների թիվը: Ինչո՞ւ, Ձեր կարծիքով:
– Այդտեղ աղբն է շատ: Միայն ցույցերով նայեք, ցույցերի քանի մասնակիցներ կան, որոնց վերաբերյալ վարույթներ են նախաձեռնվել: Ոստիկանները շատ նուրբ են, մի հատ կպնում ես, վազում՝ հաղորդում են տալիս, այդ գործերն են: Այսինքն՝ այնպես չէ, որ Հայաստանում հանցավորության մակարդակն է շատ բարձրացել: Սրանք մի քիչ արհեստական թվեր են, կարելի է ասել՝ սրան պետք չէ հավատալ: Այսօր այդ քրեական գործերը, կալանք` զուտ գիլյոտին են:
– Տնային կալանքի մասին խոսենք: Իրավապահները մոտեցում ունեն, որ դասական կալանքը՝ ազատազրկման ձեւով, ավելի քիչ է կիրառվում, բայց տնային կալանքի դեպքերն են ավելացել, իբրեւ թե տնային կալանքը հասարակ բան է, ավելի մեղմ խափանման միջոց՝ մարդն իր տանը իր համար նստած է:
– Միայն հիմարը կարող է նման կարծիք ունենալ: Եվրոպական դատարանը Մոլդովայի դեմ գործերից մեկով, Բուզաջին՝ ընդդեմ Մոլդովայի գործով ասել է, որ տնային կալանքը նույն կալանքն է, ուղղակի կրման վայրը ոչ թե բանտն է, այլ՝ տունը: Ի՞նչ է նշանակում՝ մարդն իր տան մեջ փակված մնա, նույնիսկ խանութ չկարողանա գնալ, հեռախոսակապն արգելվի, տեսակցություններն արգելվեն: Իրականում, սա շատ ծանր միջամտություն է մարդու կյանքին: Օրինակ, եթե ինձ արգելվեն տեսակցություններ, կինս իրավունք չունենա ոչ մեկին ընդունել, ստացվում է, որ տնային կալանքը կրում եմ ոչ միայն ես, այլեւ՝ իմ ողջ ընտանիքը, անգամ՝ երեխաները: Եթե արգելված է տեսակցությունը, եւ տուն մարդ մտնի, կարող է դիտարկվել, որ դու խախտել ես տեսակցություններ չունենալու պարտականությունը: Պրոբացիան եթե ֆիքսի, ո՞նց է հասկանալու՝ դա կնո՞ջ հյուրն է, երեխայի՞, թե՞ մեղադրյալի: Մի նրբություն էլ կա: Բերդում մարդն օրական մեկ ժամ ունի զբոսանքի, տնային կալանքում սա էլ չկա: Դատախազությունը շատ կոշտ է վարվում խախտումների դեպքում:
ՀԳ․ Ալեքսանդր Կոչուբաեւը դեպք պատմեց․ տնային կալանք կրող անձի բնակարանի վերեւի հարկում հրդեհ է բռնկվել: Շենքը «բաղդատ» է եղել` փայտե գերաններից, տանը մնալու դեպքում վերեւի հարկը փլվելու էր կալանավորի գլխին: Մեղադրյալը դուրս է եկել բնակարանից, եւ սա դիտարկվել է որպես կալանքի պայմանների խախտում:
Բաց մի թողեք
«Ստեղս հասավ»․ Փաշինյանի ժեստը՝ Ալիևի հետ հանդիպումից դուրս գալուց հետո. Տեսանյութ
11 հազար 200 դոլարը վերականգնել են
Փաշինյան – Ալիև հանդիպման չերևացող կողմը