Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի հիշատակության տոնը։
Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը:
Լինելով կրթված և հմուտ` երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:
Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո` թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Ս. Մեսրոպը զգում է հայ տառերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը:
Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք:
Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են այն կատարում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»: Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում:
Ինչպես վկայում է ավանդությունը, Ս. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ:
Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան տոնին չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սուրբ Խաչի չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
Տոնի առիթով Հայր Զաքարիան գրում է. «Այսօր Հայոց Եկեղեցին ոգեկոչում է Ս. Թարգմանիչ հայրերի՝ Ս. Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի անմահ հիշատակը: Երկու նվիրյալ անձերի, ովքեր Աստծու խոսքով զորացած և ազգային բարձր գիտակցությամբ կարողացան հեղաշրջել հայ մարդու միտքը՝ տալով ազգի հարատևելու գաղտնիքը:
Նրանց մշտամնա պատգամը նույնն է. «Ո՛վ հայ, ՍԻՐԻ՛Ր Հայրենիքդ, հողդ, ջուրդ, ՀԱՎԱՏԱՐԻ՛Մ մնա ազգային-եկեղեցական արժեքներիդ և ՊԱՀԻ՛Ր առաքելական հավատդ»:
Բաց մի թողեք
Հուլիսի 11-ի աստղագուշակ․ Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է, սակայն ․․․
Ամպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
«Հումորով էր, ընկերասեր, տանել չէր կարողանում անարդարությունը». կրտսեր սերժանտ Արսեն Խեչոյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Թալիշում. Լուսանկարներ