Դուբայում Ալիեւի հետ հանդիպումից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանի իրավապահները մտան դաշնակցական երիտասարդների բնակարանները, խուզարկեցին, ավելի ճիշտ՝ քարուքանդ արեցին տները, ապա 7 հոգու ձերբակալեցին:
Հրապարակ թերթը գրել է․ Քննչականը մի տեսանյութ տարածեց՝ հրացանանման առարկաներ, նռնականման իրեր, զուգահեռ՝ ՔՊ-ականները համաշխարհային աղմուկ բարձրացրին, թե հերթական ահաբեկչական ակտն է կանխվել, ուստի ՀՅԴ-ն փակելու ժամանակն է։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի որդին` Տարոն Մանուկյանն էլ էր ձերբակալվել, հայտարարեց, որ ՀՅԴ-ական երիտասարդներից մեկի տանը գտել են ռազմախաղ. «Պարզ ասացի՝ տղերք, ամոթ է, աբսուրդ է։ Ջրի վրա քրեական գործ հարուցելը ո՞րն է։ Մեր երիտասարդներից մեկը, որ ռադիոլյուբիտել է` էլեկտրոնիկա է սիրում, նաեւ մեր երիտասարդականից է, գիտեք՝ տարբեր բանակումներ, տարբեր ռազմախաղեր ենք անում, Երեւանում էլ կան բազմաթիվ խանութներ, որտեղ վաճառվում է փոքր գնդիկներով, դիմակներով ռազմախաղ։ Դրանց մեջ կան պլաստմասսե գնդիկներ, որ պայթեցնում են խաղերի ժամանակ, ավելորդ ծախսեր չանելու համար՝ սիսեռ են լցնում։ Դա գտել են ու համարել են ահաբեկչության նախապատրաստություն»։
Այս վարույթն առանձին է, կապ չունի Բագրատ սրբազանի եւ մյուսների «հեղաշրջման փորձի» հետ, բայց իշխանությունն ամեն ինչ արեց, որ կպցնի իրար: ՀՅԴ ֆեյսբուքյան էջում, ի դեպ, պարբերաբար տեղադրվել են այս ռազմախաղի մասին հայտարարություններ, տեսանյութեր: «Մարտի 30-ին տեղի ունեցավ ՀՅԴ ՀԵՄ Ապարանի ընկերների միջեւ սթրայքբոլ խաղի մրցույթ»,- գրված է էջում, եւ մրցույթից տեսանյութ է տեղադրված: Այսինքն՝ իրավապահները կարող էին դեռ մարտին «կանխել» ահաբեկչական գործողությունների նախապատրաստումը` ձերբակալելով «պոտենցիալ հանցագործներին»։
Իրականում ակնհայտ է, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի պատվերով ընդդիմադիրների դեմ կարված բոլոր քրեական վարույթներին չնայած «ահաբեկչություն», «տեռոր» անունն են կպցնում, սակայն անգամ ՔՊ-ում են տարակուսած եւ մասնավոր զրույցներում անթաքույց քննադատում են «վերեւներին», որ հերիք չէ՝ հիմնավոր ապացույցներ չունեն, դեռ մի բան էլ բոլոր գործերը որպես ահաբեկչություն են ներկայացնում, այն դեպքում, երբ անգամ իրենց կողմից բռնապետ հռչակված Սերժ Սարգսյանը տարիներ առաջ հաշվի նստեց հանրային կարծիքի հետ, եւ «Սասնա ծռերի»` ՊՊԾ մտնելու գործով ահաբեկչության հոդված չդրեցին: Ավելի շուտ` առաջին օրերին փորձեցին այդ տերմինը շրջանառության մեջ դնել, սակայն, տեսնելով հանրային արձագանքը, արագ խմբագրեցին եւ Անվտանգության խորհրդի նիստում «ծռերին» արդեն ոչ թե ահաբեկիչներ էին կոչում, այլ՝ «զինյալներ»։ Այն դեպքում, երբ «ծռերի» դեպքն ու այս «ահաբեկչությունները» համեմատելու եզր անգամ չունեն: Այն ժամանակ կային զոհեր, պատանդառված մարդիկ, գրավված զինապահեստ, իսկ այժմ չկա գեթ մեկ ապացույց, մոնտաժված ձայնագրություններից բացի։
«Ծռերի» գործողությունների ժամանակ ինքը` Նիկոլ Փաշինյանը, ասում էր. «Գիտեք, եթե մենք այս իրավիճակը գնահատենք Քրեական օրենսգիրք բացելով ու որեւէ հոդված ցիտելով, նշանակում է՝ մենք իրավիճակի դրդապատճառները ճիշտ չենք գնահատում: Ինձ համար ընդունելի չէ, որ «Սասնա ծռերի» անդամներին փորձ է արվում ներկայացնել որպես ահաբեկիչ: Սա նշանակում է ուղղակի շփում կամ առնչություն չունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ»։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» քայլը հաջորդեց 2016 թ. քառօրյա պատերազմին։
Իսկ իրավապաշտպանները 2016-ին առավոտից երեկո մամուլի մի սրահից մյուսն էին վազում՝ դատապարտելով կատարվածն ահաբեկչություն որակողներին: «Չկա որեւէ հայտնի փաստ, որը կարող է ամբողջականացնել ահաբեկչության հանցակազմը, այդ հանցակազմի հիմնական բաղադրիչներ են քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանգամանքը, ինչպես նաեւ զինված ընդհարմանն ակտիվորեն չմասնակցող անձանց նկատմամբ իրականացված գործողությունները, որոք էս պահի դրությամբ փաստերով չեն հաստատվում, հետեւաբար՝ այդ արարքները, ինչին ականատես է եղել հանրությունը, հնարավոր չէ որակել ահաբեկչություն։ Նման որակումները ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ են»,- ասում էր հայտնի իրավապաշտպան Տիգրան Եգորյանը եւ հիշեցնում, որ այդ եզրույթի համար միջազգային իրավունքը հատուկ սահմանում ունի։
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «ահաբեկչություն», «տեռոր» հոդվածներն այժմ պատահական չեն դրվում, միայն այդկերպ է հնարավոր ստանալ միջազգային հանրության աջակցությունը, որն աչք կփակի «տեռորիստներին» առանց դատավճռի բանտերում պահելու եւ նոր ռեպրեսիաներ իրականացնելու վրա: Միջազգային հանրությունը, այդ բառը լսելուն պես, այլեւս չի խորանում մանրամասների մեջ։
Բացի այդ՝ ՔՊ-ն հեռուն գնացող ծրագիր ունի, որը երեկ գաղտնազերծեց պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ հայտարարելով, որ ժամանակն է ՀՅԴ գործունեությունը կրկին կասեցնել։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը կուսակցության նեղ կազմում ակնարկել է, որ Ալիեւը հայաստանյան քաղաքական որոշ խմբակների գործունեությունը դադարեցնելու պահանջ է առաջ քաշում՝ իբրեւ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման: Այսինքն՝ սրանով նաեւ հիմքեր են ձեւավորում` ազգայնական ուժերին ու խմբերին քրեական պատասխանատվության ենթարկելու, նրանց գործունեությունը դադարեցնելու համար։ Խոսվում է ոչ միայն Դաշնակցության, այլեւ ՀՀԿ-ի մասին:
Ի դեպ, խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերից մեկն էլ այն մասին է, որ կողմերը պետք է իրենց պետության ներսում մյուս կողմի նկատմամբ սեպարատիստական հայտարարություններ անող խմբերի դեմ պայքարեն։
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար