27/08/2025

Սա արշավ է Դաշնակցության դեմ, ինչպես որ արշավ է ընթանում եկեղեցու դեմ. Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ իշխանությունները ձերբակալությունների միջոցով փորձում են հիմք ստեղծել՝ Դաշնակցությանը ահաբեկչության մեջ մեղադրելու և այն փակելու վերաբերյալ հայտարարություններ հնչեցնելու համար։

Նա հատկապես ընդգծեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հրապարակային կերպով հանդես է եկել Դաշնակցությունը փակելու անհրաժեշտության կոչով, և այդ հայտարարությունը չի կարելի դիտարկել որպես պատահական։ Վարդանյանի խոսքով՝ նման ելույթները համընկնում են վերջին շրջանում իրականացվող ուժային գործողությունների հետ և բացահայտում են դրանց իրական նպատակները. «Սա արշավ է Դաշնակցության դեմ, ինչպես որ արշավ է ընթանում եկեղեցու դեմ։ Այդ հայտարարություններով և ձերբակալություններով իշխանությունները ցույց են տալիս, որ իրենց գործողությունները պայմանավորված են քաղաքական նպատակներով, այլ ոչ իրավական հիմնավորումով»։

Քրիստինե Վարդանյանը կասկածի տակ է առել այն հոդվածի հիմնավորվածությունը, որով կալանավորվել են Արթուր Սարգսյանն ու ՀՅԴ մի շարք անդամներ։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ, իր կանխատեսմամբ, իշխանությունները ստիպված են լինելու փոխել ներկայացված մեղադրանքը՝ «ահաբեկչության կազմակերպում»։

Վարդանյանը հիշեցրել է 2016 թվականի իրադարձությունները, երբ ՊՊԾ գունդը գրավվել էր, տեղի էին ունեցել սպանություններ, և նույնիսկ պատանդներ կային։ «Այդ ծանր իրավիճակում անգամ ահաբեկչության հոդված չկիրառվեց, քանի որ այդ մեղադրանքը պահանջում է շատ լուրջ ապացուցողական բազա»,- ընդգծել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ ներկա գործով Քննչական կոմիտեն որպես ապացույց ներկայացրել է զեղչի քարտեր, ինչը, ըստ Վարդանյանի, խոսում է գործի թույլ հիմքերի մասին։ Նա համոզված է, որ մեղադրանքը չպետք է իրավական ընթացք ստանա, քանի որ այն հիմնավորված չէ և չի կարողանա դատարանում դիմանալ քննությանը։