11/07/2025

22-րդ «Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցել ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ:
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ փառատոնը հայ հանդիսատեսին կներկայացնի ֆրանսիական կինոյի հարուստ ծրագիր:

Ավանդական Ֆրանսիական կինոյի օրվա շրջանակներում կկայանա ռեժիսոր Անն-Սոֆի Բայիի «Իմ ամեն ինչ» ֆիլմի պրեմիերան։ Ֆրանսիական ծրագրում կներկայացվեն նաև Բեռլինի և Կաննի կինոփառատոների մրցութային Լյուսիլ Հաջիհալիլովիչի «Սառցե աշտարակը», ՕԼիվեր Լաշի Կոռոյի «Սիրատ», Սեփիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր», Թամարա Ստեփանյաի «Իմ հայկական ուրվականները» և մի շարք այլ ֆիլմեր։ Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ Հայաստան կժամանի անվանի կինոռեժիսոր, Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր Աբդեռահման Սիսակոն, որը կգլխավորի կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիին։ Կներկայացվի Աբդեռահման Սիսակոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Փառատոնի հյուրն է լինելու նաև ֆրանսիացի աշխարհահռչակ լուսանկարիչ և ռեժիսոր, արգելքների և սևեռումների խոշորագույն հետազոտող և սադրիչ Անտուան դ’Ագատան։

Երևանում Գյոթե ինստիտուտ Հայաստանի հետ համատեղ կիրականացվի «Արտադրված է Գերմանիայում» նույնպես ավանդական ծրագիրը։ Կցուցադրվեն Քրիստիան Փեցոլդի «Հայելիներ համար 3», Բասսամ Մորտադայի «Աբո Զաաբալ 89», Սերգեյ Լոզնիցայի «Երկու դատախազ», Կատյա Ֆեդուլովայի «Գոռ․ փախստական Լեռնային Ղարաբաղից» ֆիլմերը։ Մեկ այլ ուշագրավ փաստ է այն, որ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի՝ «Ծիրանի կորիզ»-ի մենթորը կլինի գերմանացի ռեժիսոր Ֆրեդ Կելեմենը, ով նաև վարպետության դաս կանցկացնի երիտասարդ հայ ռեժիսորների հետ։

Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս կաջակցի փառատոնային օրաթերթի լույսընծայմանը։

«Ոսկե ծիրան»-ի միջազգային գործընկերների թիմին այս տարի միացել է Բելգիայի Թագավորության դեսպանությունը, որի աջակցությամբ կցուցադրվեն Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենների «Երիտասարդ մայրեր» և Սոֆի Մյուզելի, Գերեն վան դե Ֆորսթի «Աշխարհի եզրին» ֆիլմերը:

GAIFF համարտադրության հարթակի միջոցառումները տեղի կունենա հուլիսի 14-18-ը կինոփառատոնին զուգահեռ: Արտադրական հարթակը գործում է ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ։ Փառատոնային ավանդական և սիրված վարպետության դաս-հանդիպումները տեղի կունենան «Ոսկե ծիրան»-ի գործընկեր ՀԲԸՄ Հայաստանում և Կինոյի տանը։

Հուլիսի 13-20-ը Երևանում անցկացվող «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի բացման արարողությունն անխափան կազմակերպելու նպատակով որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն:

Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, հուլիսի 13-ին՝ ժամը 17:00-ից մինչև 23:00-ը, ժամանակավորապես փակ կլինի Վարդանանց փողոցից մինչև Հանրապետության փողոց ընկած ճանապարհահատվածը: