30/07/2025

Ալիեւը, կարծես թե, «համոզել է» Փաշինյանին՝ մերժել ռուսներին եւ «արտապատվիրակել» Սյունիքով անցնող ճանապարհը

Դոնալդ Թրամփն անցած տարվա նախընտրական արշավի ժամանակ խոստանում էր ընտրվելու դեպքում 24 ժամում վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին: Հետո, ստանձնելով պաշտոնը, հայտարարեց, որ դա կանի 100 օրվա ընթացքում, հետո՝ մինչեւ Զատիկը, հետո՝ մինչեւ մայիսի 9-ը:

Հուլիսն արդեն կիսվում է, բայց ՌԴ եւ Ուկրաինայի քաղաքացիները շարունակում են իրար ոչնչացնել: Թրամփի ասածը չի կարելի համարել օդի մեջ հնչեցրած նախընտրական խոստում՝ նա իսկապես անկեղծորեն ցանկանում էր եւ ցանկանում է, որ Եվրոպայում խաղաղություն հաստատվի եւ դրա համար ջանքեր է գործադրում: Մանավանդ, որ դա նաեւ իր հեղինակության հարցն է:

ԱՄՆ-ը ոչ թե չի ուզում, այլ ՉԻ ԿԱՐՈՂ կանգնեցնել պատերազմը, որովհետեւ Զելենսկին ու Պուտինը, ամեն մեկը՝ սեփական պատճառներով, դա չեն ցանկանում: Այստեղից կարեւոր հետեւություն՝ «բազմաբեւեռ աշխարհ» իրականում գոյություն չունի: Մինչեւ 1980-ականների վերջն աշխարհը երկբեւեռ էր (ԽՍՀՄ եւ ԱՄՆ), 1990-ականներին միաբեւեռ էր (միայն ԱՄՆ), բայց հիմա բազմաբեւեռ չի, որովհետեւ չկա որեւէ «բեւեռ», չկա գոնե մեկ գերտերություն, որն ի վիճակի է որեւէ, թեկուզ փոքր, երկրին ինչ-որ բան պարտադրել:

Մեր պետական եւ քաղաքական գործիչների մտածողությունը դեռեւս «բեւեռային» է: Նրանց թվում է, որ Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն ի վիճակի են երաշխավորել Հարավային Կովկասում խաղաղ գործընթացը, եւ ամբողջ կռիվը նրա համար է, թե հատկապես ով կարող է դա անել: Պատասխանն է՝ ոչ ոք:

Այսինքն՝ անկախ նրանից, թե, պայմանականորեն ասած, որտեղ կստորագրվի «խաղաղության համաձայնագիրը»՝ Մոսկվայում, թե Վաշինգտոնում, այն խաղաղություն չի բերի:

Այժմ Ալիեւը, կարծես թե, «համոզել է» Փաշինյանին՝ մերժել ռուսներին եւ «արտապատվիրակել» Սյունիքով անցնող ճանապարհը (ինչպես ուզում եք՝ անվանեք) ինչ-որ «թուրքա-ամերիկա-եվրոպական կոնսորցիումին»:

Հավանաբար, դա նկատի ուներ Էրդողանը, երբ Ստեփանակերտում ասում էր, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում դարձել է «ավելի ճկուն»: Եթե դա ճիշտ է, ապա մոտակա ամիսներին, մինչեւ որ դրա մասին պաշտոնապես հայտարարվի, Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հավանականությունը փոքր է:

Մյուս կողմից՝ վստահ չեմ, որ հաշվարկած է Ռուսաստանի ու Իրանի հրապարակային եւ ոչ հրապարակային արձագանքը: Եվ ամենակարեւորը՝ երկարատեւ հեռանկարում որեւէ երաշխիք չկա, որ ճանապարհի «արտապատվիրակումը» կանխելու է պատերազմը:

«Խաղեր տալ», իհարկե, կարելի է, եւ պետք է: Բայց դրա համար պետք է ունենալ որոշակի մտավոր մակարդակ եւ հմտություններ: Իսկ մեր իշխանությունների մոտ այդ երկուսը բացակայում է եւ փոխարենն առկա է անսահմանափակ ինքնասիրահարվածություն:

Հիշենք Դաննինգ-Կրյուգերի էֆեկտը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ