«Հրապարակի» զրուցակիցն Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանն է:
– Հայաստանի իշխանությունն ակնհայտ վախեր ունի Ռուսաստանի Դաշնությունից: Ըստ նրանց խոսույթի, հայտարարությունների՝ բոլոր տեսակի վտանգները գալիս են հյուսիսից: Անգամ ռուսական հեռուստաալիքներն արգելափակելու մտադրություն ունեն: Կասկածներ ունեն, որ իրենց իշխանության դեմ Ռուսաստանը տեռոր է նախապատրաստում: Իսկապե՞ս Հայաստանին ռուսական կողմից վտանգ է սպառնում, թե՞ պարզապես Ռուսաստանից եկող վտանգները մտահոգիչ են, քանի որ ՀՀ իշխանությունը թուրքական կողմնորոշում է որդեգրել:
– Հիշեցի մի հայտնի ռուսական ասացվածք՝ վատ պարողի մասին: Վատ պարողը, որը ջանում էր ներկայանալ որպես հմուտ մասնագետ, բոլորին մեղադրում էր իր վատ պարի համար: Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ՌԴ-ի հետ կապված այդ մտավախությունները որտեղից են գալիս: Տպավորություն է, որ Հայաստանին առիթներ, պատճառներ են պետք, որպեսզի որոշակի հարցերում արդարանան: Այն, որ պետությունը ցանկանում է ոչ պրոֆեսիոնալ լուրերից, ցածրորակ հաղորդումներից ազատվել, դա շատ լավ է, բայց դա պետք է սկսի անել տեղական արտադրանքից: Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչ կարգի անորակ, ցածրաճաշակ հաղորդումներ են եթեր հեռարձակվում, չենք խոսում կեղծիք տարածողների մասին` հասկացողը հասկանում է, թե որ TV-ների մասին է խոսքը: Այդ երեւույթը գնալով խորանում է:
– Անգամ Հայ առաքելական եկեղեցին են ՀՀ իշխանությունները եւ նրանց արբանյակները համարում ռուսամետ: Ասում են` ինչո՞ւ կաթողիկոս Գարեգին Բ-ն Ռուսաստանի նախագահից շքանշան ստացավ, ուրեմն նա ռուսական գործակալ է: Եկեղեցու դեմ հարձակումն էլ, կարծես, հենց այդ տրամաբանության մեջ է:
– Հասարակ մարդու տրամաբանությունը պարզապես ի զորու չէ հասկանալու, թե ինչ ասել է՝ հայկական եկեղեցին պրոռուսական է, կամ ինչ ասել է` կաթողիկոսն ինչու Ռուսաստանից շքանշան ստացավ: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեծ ազդեցություն ունի Ռուսաստանը: Ուզենք, թե ոչ, Ռուսաստանը մեզ հետ ունի պատմական, տնտեսական, մշակութային, եւ ժամերով կարող ենք թվարկել, թե էլ ինչ կապեր: Հայ-ռուսական հարաբերությունները երբեք էլ չեն եղել մաքուր ու ջինջ` առանց խնդիրների, սակայն, հակառակ ամեն ինչի, այդ հարաբերությունները զարգացել են: Այսօր ուղղակի հայ-ռուսական հարաբերությունները կասկածի տակ են վերցրել եւ դրան նայում են սեւ-սպիտակ պրիզմայով: Ես կարծում եմ, որ այստեղ կա երկու տարբերակ` հիմարություն կամ դիտավորություն: Ինչ վերաբերում է Եկեղեցուն, ապա Հայ առաքելական եկեղեցին չի կարող լինել ռուսամետ կամ եվրոպամետ, մեր Եկեղեցին հայկական է, եղել է հայկական, կա հայկական եւ լինելու է հայկական: Այն մարդիկ, ովքեր այդ պարզ իրողությունը չեն կարողանում հասկանալ, հավանաբար, ունեն ուղեղի հետ կապված լուրջ խնդիրներ: Ծիծաղս գալիս է, երբ լսում եմ հարցը, թե ինչու կաթողիկոսը Ռուսաստանից շքանշանով պարգեւատրվեց: Եկեք նման հարցադրումներ անողների մակարդակին չհավասարվենք, ես չեմ ուզում իջնել նրանց մակարդակին:
– Սամվել Կարապետյանը, որ կալանավորվեց 2 ամսով, կրկին սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ: Իշխանությունները պնդում են, որ Կարապետյանը ցանկացել է իշխանությունը զավթել` ռուսական կողմի աջակցությամբ, ուստի նրան կալանավորեցին մեկ անմեղ արտահայտության պատճառով:
– Սամվել Կարապետյանին կալանքի տանելու մասին խոսելն ավելորդ է: Նա կալանավորվել է լրիվ անարդար պայմաններում, այն, ինչ ասել է Սամվել Կարապետյանը, ասում են բոլորը, բացառությամբ մի քանի իշխանական պատգամավորների: Ցանկացած ՀՀ քաղաքացի, հայ մարդ աջակցում է Հայ առաքելական եկեղեցուն: Իշխանություններին հաջողվեց ընդդիմադիր դաշտում միակարծություն ստեղծել, այսօր բոլոր ընդդիմադիր ուժերը միահամուռ պնդում են, որ այն, ինչ տեղի է ունեցել, մեծագույն անարդարության արդյունք է: Եկեղեցու հանդեպ այս սարսափելի ոտնձգությունները նույնպես համախմբում են թե՛ ընդդիմությանը, թե՛ հասարակությանը: Այդ առումով իշխանություններին միայն մնում է շնորհավորել: Նրանց մոտ ստացվեց կոնսոլիդացնել ընդդիմադիր զանգվածին:
– Եկեղեցականներին նույնպես իշխանություններն անվանում են ռուսական գործակալներ եւ նրանց մեղադրում են տեռոր նախապատրաստելու մեջ: Ի դեպ, հավատո՞ւմ եք, որ Միքայել եւ Բագրատ սրբազանները կարող էին տեռոր կազմակերպել:
– Նրանց՝ երկուսին էլ ճանաչում եմ, երկուսն էլ բարձր մարդկային եւ հոգեւոր արժեքներ ունեցող անհատականություններ են, ես հպարտ եմ, որ այդ մարդկանց անձամբ ճանաչում եմ, նրանց հետ շփվել եմ եւ նրանցից շատ բան եմ սովորել: Համոզված եմ, որ արդարությունը վերականգնվելու է, եւ նրանք դուրս են գալու բանտի, իրենց առաքելությունը շարունակելու են: Այն, ինչում մեղադրում են նրանց, միանշանակ կեղծիք է: Ինչպե՞ս կարելի է հավատալ, որ նրանք կարող էին տեռոր կազմակերպել:
– Կան տեսակետներ, որ այս բոլոր քայլերը, որոնք միտված են Ռուսաստանի դեմ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մերձեցման համար են: Եվ իշխանությունը, կարծես, վախեր ունի, որ Ռուսաստանը կարող է խանգարել Հայաստանի` թուրանական աշխարհի մաս դառնալուն:
– Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանական ղեկը զավթած մի խումբ մարդիկ կտրված են մեր պատմական անցյալից, մեր գաղափարներից, նրանք որեւէ առնչություն չունեն մեր ազգային, պետական շահերի հետ եւ սպասարկում են ինչ-որ նեղ խմբակի շահեր: Ուստի պետք չէ բացառել, որ իսկապես փորձում են գնալ դեպի թուրքական կողմ, իսկ Ռուսաստանը խոչընդոտ է: Հուսամ՝ ինձ էլ չեն մեղադրի իշխանազավթման մեջ (ծիծաղում է):
Բաց մի թողեք
ՔՊ-ականներն արձակուրդները կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելով. ովքե՞ր են հայտ ներկայացրել. Լուսանկար
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. հիմքում քաղաքական կամակորությունն է
Ինչ է Վերաքննիչ դատարանում սպասվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին