16/10/2025

Ալիևին հեղինակազրկում են իբրև իսրայելա-արաբական կարգավորման միջնորդի

Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հինգ ժամ տևած բանակցություններից երկու օր անց Իլհամ Ալիևը հյուրընկալել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ ալ-Շարաային:

Որքան էլ ադրբեջանական մամուլը փորձի քողարկել այդ գրեթե «քաղաքահենական» այցի բուն նպատակը, թուրքական և իսրայելական մամուլի բավական թափանցիկ ակնարկներից հասկացվում է, որ նախկին ջիհադական ալ-Ջուլանին Բաքվում «գաղտնի հանդիպում է ունեցել Իսրայելի անվտանգային ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի հետ»:

Ըստ տեղեկությունների, իսրայելա-սիրիական բանակցություններում առայժմ «հարաբերությունների լիարժեք կարգավորման հետ կապված հարցեր չեն քննարկվում, գլխավոր թեման Սիրիայի հարավում անվտանգության ապահովումն է»:

Բաշար Ասադի վարչախմբի տապալումից հետո Իսրայելը ոչ միայն Գոլանի բարձունքներն է ամբողջությամբ գրավել, այլև՝ նախկին բուֆերային գոտին և ներկայումս «առաջնադիրքեր ունի Դամասկոսից ընդամենը տասնհինգ կիլոմետր հեռավորության վրա»:

Արաբական աղբյուրները փոխանցում են, որ Դամասկոսից հարավ տարածքներից իսրայելական զինուժի հեռացման գլխավոր նախապայմանը տեղաշրջանի դրուզ բնակչության անվտանգության ապահովումն է, որ պետք է իր վրա վերցնի ալ-Շարաայի կառավարությունը:

«Դրուզները մեր եղբայրներն են, նրանց մի զգալի մասն Իսրայելի քաղաքացի է, և մենք չենք կարող նրանց թողնել անպաշտպան»,- հայտարարել է իսրայելցի մի բարձրաստիճան պաշտոնյա, որ գտնվել է Բաքվում:

Նախնական տպավորություն կար, որ Սիրիայի անցումային շրջանի նախագահը կարող է կատարել ստանձնած պարտավորությունը: Այդ դեպքում Իլհամ Ալիևի՝ որպես իսրայելա-սիրիական հաշտության միջնորդի, հեղինակությունը բավական կամրապնդվեր:

Իրականում ստացվել է ճիշտ հակառակը, Ալ-Շարաայի Բաքու այցից երկու օր անց՝ հուլիսի լույս 14-ի գիշերը Սիրիայի հարավային Սուեդիա նահանգում տեղի են ունեցել արյունալի բախումներ, որոնց հետևանքով զոհվել է 27 դորուզ և 10 բեդվին:

Այդ մասին հաղորդել է Surian Observator y for Human Right դիտորդական կենտրոնը: Դատելով հաղորդագրությունից, կարելի է ենթադրել, որ հարձակման ենթարկվել են դրուզները: Պատճառն, ինչպես մի քանի աղբյուրներ են հաղորդում, երկու համայնքների միջև «հողի սեփականության իրավունքի համար տասնամյակներ ձգվող հակասություններն են»:

Դամասկոսի կենտրոնական կառավարությունը մտադիր է անվտանգության ուժեր մտցնել Սուեդիա նահանգ:

Ավելի վաղ նույն տեղաշրջանում, սակայն, արյունալի բախումներ են տեղի ունեցել ալ-Շարաայի ջիհադական անվտանգության ուժերի և դրուզների միջև, որ կանխվել են Իսրայելի պահանջով և այն բանից հետո, երբ ՑԱՀԱԼ-ի զրահատեխնիկան մտել է դրուզաբնակ գյուղեր:

Հուլիսի լույս 14-ի գիշերվա իրադարձությունները, կարծես, նպատակ ունեն ի ցույց դնել, որ ալ-Շարաան բանակցունակ չէ, չի վերահսկում ներքին իրավիճակը և նրա ոչ մի խոստման չի կարելի հավատ ընծայել:

Սիրիայի ներքին կյանքում բազմաթիվ ուժեր, խմբեր և խմբավորումներ են գործում: Բացառված չէ, որ ալ-Շարաայի դեմ գործող խմբավորումներից մեկն էլ բեդվիններին դրդել է, որ հարձակվեն դրուզական գյուղերի վրա: Բայց տեղի ունեցածը լուրջ հարված է նաև Իլհամ Ալիևին, նրան հեղինակազրկում է իբրև իսրայելա-արաբական կարգավորման միջնորդի:

Այստեղ արդեն ներսիրիական հակասություններն ստանում են արտաքին քաղաքական նշանակություն: Ալիևը սիրիական «խաղի» մեջ մտել Թուրքիայի թելադրանքով: Կարելի է նաև ավելացնել, որ, ամենայն հավանականությամբ, Սիրիայում դեռևս ազդեցություն են պահպանում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ ուժերը:

Բացառված չէ, որ այդ ուղղությամբ գործում են նաև Իրանի հատուկ ծառայությունները: Ամենդեպքում բեդվինա-դրուզական բախումները հեղինակազրկում են Իլհամ Ալիևին: Թե ո՞վ է շահառուն՝ էական չէ: