Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել էր։
Հրապարակ թերթը գրել է․ Վերաքննիչի որոշումը Վճռաբեկ դատարան էր բողոքարկվել թե՛ պաշտպանի, թե՛ դատախազության կողմից։ Վճռաբեկը ե՛ւ պաշտպանական կողմի, ե՛ւ դատախազության բողոքը վարույթ է ընդունել դեռեւս ապրիլի սկզբին, այն քննվելու է գրավոր ընթացակարգով։ Վճռաբեկ դատարանից մեզ փոխանցեցին՝ բողոքները վարույթ են ընդունվել, որոշում դեռ չկա։
Ավելի քան 3 ամիս է՝ վճռաբեկը Գորիսի քաղաքապետի վերաբերյալ որոշում չի կայացնում, մինչդեռ դրանով պետք է պարզ դառնա՝ Առուշանյանը մնո՞ւմ է ազատության մեջ, գնո՞ւմ է բանտ, թե՞ գործն ուղարկվում է նոր քննության։ Թերեւս վերջին շրջանում Առուշանյանի եւ քաղաքական իշխանությունների ջերմ հարաբերություններն են այս ուշացման պատճառը: Ձգում են որոշումը, որ հետաքրքրությունը մարի, կրքերը հանդարտվեն, եւ սուսուփուս՝ հօգուտ Փաշինյանի հետ լավացած քաղաքապետի, որոշում կայացվի։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ. մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցագործության դրվագով, իսկ մյուս դրվագով՝ պաշտոնեական չարաշահման համար, մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: Դատարանը, հաշվի առնելով նրա կրած ազատազրկումը, վերջնական պատիժ է սահմանել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել։
Նաեւ տուգանք ու 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակում է կիրառվել: Երբ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը։
Որից հետո ԱՆ պրոբացիայի ծառայության մարզային մարմինն արձանագրություն է կազմել` Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին, եւ միջնորդություն է ներկայացրել Սյունիքի դատարան՝ պետական պաշտոն զբաղեցնելու սահմանափակումն ու պայմանական ազատազրկումն իրական ազատազրկմամբ փոխարինելու համար։
Առուշ Առուշանյանը վիճարկել է ՊԾ գործողությունները, դատարանը մերժել է բողոքը։ Սյունիքի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը սեպտեմբերին Առուշանյանի նկատմամբ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինել է 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ։ Վճռաբեկում հիմա այս հարցն է քննարկվում:

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ո՞ւմ կառաջադրի «Ուժեղ Հայաստան»-ը՝ որպես վարչապետի թեկնածու
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել
ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունի. Լուսանկար