22/07/2025

Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա

Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հաշիվների վրա՝ Սամվել Կարապետյանի պահանջով:

Հրապարակ թերթը գրել է․ Վերջինս զրպարտության եւ վիրավորանքի համար դիմել է դատարան` ընդդեմ Թորոսյանի, եւ պահանջել է հայցի ապահովման միջոց կիրառել` արգելանք դնել նրա հաշիվների վրա։

Միջնորդությունը բավարարվել է: Թորոսյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ФСБ-ի շտաբ-կվարտիրայում։ Առաջինի անունն Արշակ ա։

Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը` Սամվել Կարապետյանին»։ Այս հայտարարությունը, ըստ Կարապետյանի փաստաբանների, պարունակում է ե՛ւ վիրավորանք, ե՛ւ զրպարտություն։

Թորոսյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել նույն ամբիոնից եւ բարոյական վնասի փոխհատուցում վճարել՝ 9 մլն-ի չափով։

Բացի այս հայցից, գործարարի կողմից ՔՊ-ական պատգամավորների, փորձագետների եւ կայքի դեմ եւս 9 դատական հայց է ներկայացվել՝ անձի «պատիվը, գործարար համբավը եւ քաղաքական նկրտումները պաշտպանելու համար»։

Արսեն Թորոսյանը, այսօր անդրադառնալով այս փաստին, վիրավորական պիտակավորումներով ջղաջիգ մի գրառում է կատարել համացանցում․

«Կալուգայի Սամոյին և տեռորիստ տերտերներին թվում է, թե դատական հայցերով կարող են մեզ լռեցնել։ Անդրադառնալով իմ մասին այսօրվա հրապարակմանը, հաստասում եմ, որ իմ դեմ ներկայացված հայցում «մեծն բարերար» Սամոն դատարանին միջնորդել էր հայցի ապահովման միջոց կիրառել 9մլն դրամի չափով և իմ համար դեռևս անհասկանալի պատճառներով և հիմնավորումներով դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը։ Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում»։

Ուշագրավ է, որ ՔՊ-ի «ամենաարդարամիտ» Արսեն Թորոսյանը նեղվել է, որ իրեն դատի են տվել աջ ու ձախ մարդկանց վիրավորելու, զրպարտելու համար՝ մոռանալով, որ իրենք են այդ պրակտիկան որդեգրել՝ դատական գործերով փորձելով լռեցնել իրենց քաղաքական ընդդիմախոսներին։ Միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած տասնյակ հայցերը լրագրողների ու հանրային դեմքերի դեմ հերիք է՝ պատկերացում կազմելու, թե որքան անհանդուրժող է ՔՊ-ական այս իշխանությունը ազատ խոսքի և քննադատության նկատմամբ և ինչպես է փորձում լռեցնել իր ընդդիմախոսներին։

Մյուս կողմից, Արսեն Թորոսյանն իր ջղաձգումներում բացահայտել է նաև իր մեջ նստած փոքրիկ դիկտատորին՝ սպառնալով իր դեմ որոշում կայացրած դատարանին․ «Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում»։

Այսինքն՝ դատարանները պետք է բացառապես իրեն ու իր նմաններին, իրենց բռնապետական իշխանությանը ծառայեն, այսինքն՝ իրենց քաղաքական հակառակորդներին պիտի պարտադիր դատեն, նստեցնեն, ունեզրկեն, որ ասեն՝ արդար դատական համակարգ ունենք։ Երբ իրենց դեմ են վճիռներ կայացնում՝ Թորոսյան Արսենն ու իր նմանները հիստերիայի մեջ են ընկնում ու սկսում հոխորտալ դատարանների վրա, սպառնալ, թե՝ «հեսա դուք ձեր հալը կտեսնեք»։ Սա է այս իշխանության ու անձամբ Արսեն Թորոսյանի «դեմոկրատական» դեմքը՝ երկակի ստանդարտներով, ցինիկ ու կեղծ։