ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախկին նախագահներից միակն է, որ շատ անհանգիստ է Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով: Նա հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, իր աջակցությունը հայտնեց, ապա երկու հայտարարություն արեց, որով կոչ արեց Նիկոլ Փաշինյանին չգնալ վտանգավոր քայլերի, այլ ազատ արձակել երկու սրբազաններին եւ Սամվել Կարապետյանին ու դադարեցնել Եկեղեցու դեմ արշավը:
Իսկ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը զբաղված են իրար վրա ցեխ շպրտելով, իրար մեղադրելով` մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անխոչընդոտ քայքայել պետությունը, վարկաբեկել ազգային ինստիտուտները: Հունիսի 19-ին Ռոբերտ Քոչարյանը միայն հայտարարություն է տարածել` քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի մասին, նշելով, որ նրա կալանքն ազգային խայտառակություն է: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս շրջանում լռում է:
«Հրապարակը» երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակներից մեկնաբանություն խնդրեց` ինչո՞ւ են այս շրջանում լռում նախագահները: Ի վերջո` տիտղոսակիր ընդդիմություն հենց իրենց են անվանում: Սերժ Սարգսյանի խոսնակ Մերի Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց. «Երրորդ նախագահի ղեկավարած քաղաքական ուժի տարածած հաղորդագրություններին չե՞ք հետեւում», ապա հավելեց. «Այն, ինչ պիտի ասեր նախագահը, ասել է, նա արձագանքում է շատ արագ»: Բայց խոսքը ոչ թե ՀՀԿ-ի, այլ հենց Սերժ Սարգսյանի մասին է՝ նկատեցինք մենք։ «Բոլորն էլ գիտեն, որ Սերժ Սարգսյանը քաղաքական ուժ է ներկայացնում, իսկ եթե քաղաքական ուժը հանդես է գալիս հայտարարությամբ, դա նաեւ տվյալ քաղաքական ուժի ղեկավարի դիրքորոշումն է, նիստերը, որտեղ ընդունվում են հայտարարություններ, հրավիրում եւ ղեկավարում է նախագահ Սերժ Սարգսյանը»:
Երկրորդ նախագահի գրասենյակից Բագրատ Միկոյանը նկատեց. «Նախագահը Սամվել Կարապետյանի մասով հայտարարություն արել է: Հուսամ՝ առիթ կլինի նորից խոսելու, ամեն դեպքում, ես նախագահի խոսելը չէի պայմանավորի այլոց խոսքի հետ: Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները չենք պայմանավորում այլոց հայտարարություններով: Նա հարցազրույց էր տվել, ասուլիս»։ Ապա հղում արեց երկրորդ նախագահի վերջին ասուլիսին, որը տեղի է ունեցել ամիսներ առաջ` փետրվարին, մի քանի լրատվամիջոցի էլ հարցազրույց էր տվել մայիսին: Բայց խոսքը վերջին իրադարձությունների մասին էր, որոնց մասին չի խոսել Քոչարյանը:
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի կարծիքով` երկրորդ եւ երրորդ նախագահների լռությունն այս շրջանում պայմանավորված է Կրեմլի թելադրանքով: Նա այն կարծիքին է, որ Տեր-Պետրոսյանին Մոսկվայից չեն կարողանում ուղղորդել, սակայն թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը եւ թե՛ Նիկոլ Փաշինյանը ուղղորդվում են Մոսկվայի թելադրանքով. «Ես խոր կասկածներ ունեմ, որ այժմ որոշ ընդդիմադիր գործիչներ, ձեռք-ձեռքի տված, Ռուսաստանի ուղղորդմամբ փորձում են Նիկոլ Փաշինյանին համահունչ գործել: Սակայն անուններ չեմ ցանկանա տալ կոնկրետ, քանի որ նրանց բոլորի գործողությունները մակերեւույթի վրա են: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, ապա նրա եւ մյուս երկու նախագահների տարբերությունն այն է, որ առաջին նախագահը հաստատապես երբեք չի եղել կոռումպացված: Ով ինչ ուզում է, թող ասի: Ասում են` նրա օրոք է ստեղծվել կոռուպցիան, այո, բայց նա չի ստեղծել, դրանք տարբեր բաներ են: Այս գործոնով պայմանավորված՝ կա կոմպլեքս, վախ: Տեր-Պետրոսյանի դիրքից ու տարիքից ելնելով՝ Մոսկվան չի կարողանում վերջինիս ուղղորդել: Ես հաստատապես հիացած չեմ Տեր-Պետրոսյանով, սակայն նա մնում է հայ պետական գործիչ: Ցավոք, այս պահի դրությամբ՝ միակը Հայաստանում»:
Բաց մի թողեք
Վահան Քերոբյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել հանգստից․ Կարևոր չէ, թե որտեղ ես, կարևոր է՝ ում հետ ես
Սրանով ինքը ժողովրդի զգոնությունն է ուզում ջարդել․ Տեր Ահարոն քահանա
Մոսկվան այլևս ի վիճակի չէ կարգավորել խնդիրները Հարավային Կովկասում