Արարատի համայնքապետարանում արշալույսները խաղաղ չեն։ ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետիսյանի եւ վարչական ղեկավարների հարաբերությունները լարվել են։ Տեղեկացանք, որ համայնքի գյուղերն այս պահին խմելու ջրի խնդիր ունեն, եւ երբ վարչական ղեկավարներն այդ հարցով դիմում են Ավետիսյանին, արժանանում են նրա կոպտությանն ու նկատողություններին։
Հրապարակ թերթը գրել է․ Նման մի իրավիճակում է հայտնվել նաեւ Ավշար բնակավայրի վարչական ղեկավար Արգամ Զաքարյանը, որը, ի դեպ, սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար, Արարատի ավագանու անդամ Ֆիրդուս Զաքարյանի եղբորորդին է։
Նա ջրի խնդրով դիմել է Ասլան Ավետիսյանին, պատասխանի փոխարեն ստացել է նկատողություններ, որոնք վարչական դատարանում վիճարկում է։ Զաքարյանն իր հայցադիմումով պահանջում է՝ Արարատ համայնքի ղեկավարի կողմից արձակված կարգապահական տույժ կիրառելու մասին կարգադրությունն անվավեր ճանաչել։ Նրան նկատողություններ տալով, ՔՊ-ական ղեկավարն ի վերջո ազատել է աշխատանքից։
Արգամ Զաքարյանը մեզ ասաց՝ 3 հայց է ներկայացրել ընդդեմ համայնքապետի, 2-ը՝ նկատողությունների հետ կապված, եւ 3-րդ հայցով վիճարկում է իրեն աշխատանքից ազատելու կարգադրությունը։
Նրա խոսքով՝ նկատողությունները, որոնք ստացել է ինքը, օրինական չեն․ «Ջրի, մանկապարտեզի, ֆուտբոլի մարզիչի հարցն եմ ներկայացրել, բայց իրենք միայն «ի գիտություն» են ընդունում։ Առաջին նկատողությունն ինձ տվել է նրա համար, որ ջրի խնդրի մասին ուշ եմ իբր զեկուցել, բայց ե՛ւ բանավոր եմ ի սկզբանե տեղյակ պահել, ե՛ւ գրավոր։ Երկրորդ նկատողությունը վերաբերում է «խանութների գովազդներին», եւ երրորդ նկատողությունը վերաբերում է հավաքագրումներին, որը ես իբր թերի եմ կատարել, սակայն դա իմ գործառույթների մեջ չի մտնում։ Ինձ ազատելու պատճառն ավագանու վերջին նիստն էր, որտեղ իմ հորեղբայրը, որն ավագանու անդամ է, ասում է՝ օրենքով աշխատեք։ Այդ նիստը չկայացավ, քանի որ գլխադասային հանձնաժողովի կարծիքը չկար, դրանից հետո Ասլան Ավետիսյանն ինձ կանչեց, ասեց՝ ազատման դիմում գրի, ես էլ ասեցի՝ չեմ գրի, այնուհետեւ ինձ ազատեց աշխատանքից»։
Հարցին՝ եթե դատարանը վերականգնի իրեն աշխատանքում, կգնա՞, ասաց՝ այո․ «Գնալու եմ, որովհետեւ ես գյուղում շատ բան եմ արել, շարունակելու եմ»։ Իսկ թե ով է իրեն փոխարինում վարչական ղեկավարի պաշտոնում, ասաց՝ ժամանակավոր փոխարինում է Ավետիսյանի տեղակալը՝ Արմեն Բաղդասարյանը, որն Արարատ գյուղից է։
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ