ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի բնակիչ երեք տղամարդ, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարում են բնակարանային գողություններ հանրապետության տարբեր բնակավայրերում:
«Ավելի քան երկու ամիս տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո ստացան հավաստի տեղեկություն, որ խմբի անդամները պատրաստվում են գողություն անել Երևանի Շինարարների փողոցի մի բնակարանից:
Խմբի երեք անդամն էլ նախկինում արդեն պատիժ կրել էին նույնատիպ հանցագործությունների մեղադրանքով և կուտակել էին բավարար փորձ` զգույշ գործելու և հետքեր չթողնելու համար:
Գործողությունների ծավալն ու բարդությունը հաշվի առնելով` քրեական ոստիկանները միջոցառումները շարունակեցին Ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցությամբ: Նաև համագործակցված աշխատանքի արդյունքում հնարավոր կլիներ կատարողներին ձերբակալել՝ իրեղեն ապացույցները ձեռքներին:
Հուլիսի 22-ի առավոտից խմբի անդամները քրեական ոստիկանների տեսադաշտում էին: Վերջիններս տեսան, թե նրանք ինչպես են ոտքով մոտենում Երևանի Շինարարների փողոցի շենքերից մեկին ու մտնում շքամուտք: Բայց դեռ պետք էր համոզվել, որ գողությունը կատարված է:
Քիչ անց երեքն էլ դուրս են եկել և նստել պատվիրած տաքսին ու հեռացել:
Իրավապահների մի խումբը օպերատիվ հսկողության տակ պահեց տաքսին, իսկ մյուս խումբը մտավ շքամուտք` հաստատելու գողության փաստը: Եվ երբ յոթերորդ հարկում քրեական ոստիկանները բաց դռնից տեսան, որ ներսում ամեն ինչ խառնած է իրար, «Նիսան» մակնիշի տաքսուն հետևող խումբն անցավ գործի:
Հուլիսի 22-ին` ժամը 13:25-ին, Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում ձերբակալվեցին և իրենց պատվիրած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեցին մայրաքաղաքի Ֆուչիկի, Մայիսի 9-ի և Նիզամու փողոցների բնակիչ երեք տղամարդիկ, երկուսը՝ 49, մեկը` 45 տարեկան:
Խուզարկությամբ հայտնաբերվեցին իրեղեն ապացույցները․ 45-ամյա տղամարդու մոտ կար դուր, ձեռնոց և դրամապանակ, որի մեջ կային հայկական դրամներ, հարյուրդոլարանոց 25 թղթադրամ, կախազարդերով ոսկյա և արծաթե երկու շղթա: 49-ամյա տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվեց ծալովի դանակ, ոսկե 3 մատանի, օղեր, թևնոց, կաշվե և արծաթագույն երեք վզնոց ու մեկ մատանի, իսկ մյուսի մոտ` դանակ, արցունքաբեր գազաբալոն, բջջային հեռախոս, արծաթագույն վզնոց ու մատանի:
Տուժած տանտիրոջից ընդունվել է հաղորդում: Ըստ նրա` պատճառվել էր երեք միլիոն դրամի վնաս:
Կարելի է միայն ենթադրել, թե քանի բնակարանային գողություն կանխվեց այս բացահայտմամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք, «Էրեբունի» թանգարանի հարևանությամբ հայտնաբերվել է գլխի վնաuվածք ստացած տղամարդ․ Լուսանկար
Լոռու մարզը ցնցված է, «Էվոկա բանկ»-ից 80 մլն ռուբլին ավազակության փորձով հափշտակելու դեպքը բացահայտվել է․ Լուսանկար
Կալանքից ազատվել է ՔԿ-ից 590 հազար դոլարի գողությունը կազմակերպած ՔԿ-ի աշխատակիցը