27/07/2025

Մարգարիտա Սիմոնյանը՝ կրկեսի ևս մեկ արարած, չի դադարում միջամտել մեր երկրի գործերին՝ ստեր տարածելով․ Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջերում արձագանքել է RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի տարածած ապատեղեկությանը և պնդմանը, թե իբր Հայաստանը դառնում է «Իրանի դեմ ԱՄՆ-ի ապագա պատերազմի թատերաբեմ»։

«Ռուսաստանում ներկայում գործող հրեշավոր կրկեսի ևս մեկ նողկալի արարած չի դադարում միջամտել մեր երկրի ինքնիշխան գործերին։ Հղում անելով իր հայկական արմատներին և միևնույն ժամանակ ընդհանուր ոչինչ չունենալով Հայաստանի և հայ ժողովրդի հետ, բացի «ՅԱՆ»-ով ավարտվող իր ազգանունից՝ նա ժամանակ առ ժամանակ հայտնվում է լրատվամիջոցներում, վիրավորում է Հայաստանի ղեկավարությանը, մարդկանց հրավիրում է մեր երկրում հանրահավաքի, կոչ է անում տապալել կառավարությունը։ Եվ նա տարածում է ստեր՝ միաժամանակ սպառնալով երկրին և մարդկանց։

Ինչպես, հավանաբար, արդեն կռահել եք, խոսքը Սիմոնյանի մասին է, ով այստեղ, օրինակ, տարածում է հերթական ստերը՝ գոյություն չունեցող փաստաթղթի մասին անհայտ թերթի գոյություն չունեցող հեղինակներին։

Ընդհանուր առմամբ, թվում է, թե Օլիմպիական խաղերը սկսվել են վերոնշյալ կրկեսում՝ հետևյալ կարգախոսի ներքո՝

Ավելի կեղծ,

Ավելի նողկալի,

Ավելի ցածր:

Իսկ Սիմոնյանը պայքարում է հերթական ոսկե մեդալի համար։ Բայց իրականում սա մեր երկրի դեմ հենց այդ հիբրիդային պատերազմի ևս մեկ դրսևորում է։

Շուտով մեր երկրում ընտրություններ են լինելու, և մեր ուղղությամբ հաչոցն ու փրփուրը օրեցօր կավելանան, իսկ վերջում այս բերանը պարզապես մեկընդմիշտ կփակվի»։