28/07/2025

Ավելի քան 22 մլն դրամ՝ ՀՀ ֆինանսների նախարարի քրոջը․ ԲՏԱ նախարարության պայմանագրերի հետքերով

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի քրոջ ընկերությունը մի քանի անգամ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 22 մլն դրամի դրամաշնորհ է ստացել ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունից։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընկերության հետ նախարարության կնքած պայմանագրերը։

«Փիլաբս»՝ նախարարի քրոջ ընկերությունը 

Այսպես, 2022-2023 թվականներին «Փիլաբս» տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունը երեք անգամ դրամաշնորհ է ստացել ԲՏԱ նախարարությունից։ Ընկերությունը, համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց գրանցման պետական E-register հարթակի, հիմնադրվել է 2019 թվականի հունվարին։

Ընկերության իրական շահառուն Էլմիրա Միշայի Բարթելսն է: Ընկերությունը գրանցված է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Սունդուկյան փողոց 7,88 հասցեում։

Արտապատկերումը՝ E-register հարթակից։

Հատկանշական է, որ սա բնակելի հասցե է, որտեղ բնակվում է նաև Բարթելսը։ Ավելին՝ այստեղ է գրանցված նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Միշայի Հովհաննիսյանը․ նա միակն է, ում անձնական տվյալները համապատասխանում են ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներին (ծնվել է 1980 թվականի մարտի 19-ին, հայրանունը՝ Միշայի)։

Արտապատկերումը՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից։

Բարթելսը Վահե Հովհաննիսյանի քույրն է․ համաձայն MyHeritage ազգակցական կապերի վերաբերյալ շտեմարանի, Էլմիրա Հովհաննիսյանը Նյու Յորքում ամուսնացել է Մեթյու Չարլզ Բարթելսի հետ և այժմ կրում է նրա ազգանունը։ Նշենք նաև, որ ըստ Ընտրողների ռեգիստրի՝ Էլմիրա Բարթելսի հետ նույն հասցեում է ապրում նաև նրանց զավակը՝ Դանիել Բարթելս Մեթյու Չարլզը։

Արտապատկերումը՝ MyHeritage շտեմարանից։

Երեք պայմանագիր և արտոնություններ ընկերությանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համաձայն Armeps էլեկտրոնային գնումների համակարգի, սկսած 2022 թվականից՝ երեք դրամաշնորհային պայմանագիր է կնքել այս ընկերության հետ։

Արտապատկերումը՝ armeps.am-ից։

Առաջին դրամաշնորհային պայմանագիրը կնքվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ 10 մլն դրամ արժողությամբ՝ «Puzl-AI սուպերմարկետների լուծում» ծրագրի իրականացման նպատակով։

Արտապատկերումը՝ պայմանագրից։

 

Ըստ պայմանագրով սահմանված ժամանակացույցի՝ ծրագրի միջոցառումները պետք է իրականացվեին 2023 թվականի ընթացքում։

Արտապատկերումը՝ ցանկից։

 

Սակայն, 2023 թվականը դեռ չավարտված՝ այդ տարվա հունիսին նախարարությունը ՍՊԸ-ի հետ կնքում է հերթական՝ ևս մոտ 2,3 մլն դրամի աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր՝ ՏՏ ոլորտի ընկերությունների աջակցության տրամադրման պետական ծրագրի շրջանակում։ 

Նշենք նաև, որ «Փիլաբս» ընկերությունը հայտնվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկում։

Արտապատկերումը՝ ցանկից։

Արդեն 2024 թվականին ընկերությունը հայտնվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մուտք դեպի շուկա»  բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հաղթողների ցանկում։

Ըստ նախարարության կայքի՝ դրամաշնորհային մրցույթով սահմանված ժամկետում ստացվել էր 149 հայտ, սակայն հաղթել են ընդամենը 18-ը, որոնց թվում նաև «Փիլաբսն» է եղել։  

 

Այս անգամ նախարարությունը 9,9 մլն դրամի պայմանագիր է կնքել ՍՊԸ-ի հետ։

Այսպիսով, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2019 թվականին հիմնադրված, ֆինանսների նախարարի քրոջը պատկանող ընկերության հետ կնքել է 22.2 մլն դրամի պայմանագիր։

Նանե Մանասյան