16/10/2025

Հիմա որ սկսել են քիչ կրակել, այդ չկրակած ժամանակ մի քիչ շունչ ենք քաշում

Կրակոցներ հնչում են՝ մեկ-մեկ էլի լինում է, հիմա կրակոցները համեմատաբար քիչ են, «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի բնակչուհի տիկին Գայանեն (անունը փոխված է իր խնդրանքով):

Վերջին երկու շաբաթվա ընթացքում գյուղի տարբեր կողմերում տեղակայված ադրբեջանական զորամիավորումները սկսել են ավելի պակաս կրակել գյուղի ուղղությամբ, մինչ այդ ամեն օր երեկոյան տասն անց կեսից սկսում էին կրակել մինչև առավոտյան վեցն անց կես:

Ադրբեջանցիներն այնքան էին ցինիկացել, որ գյուղի վրա էին կրակում՝ մարդկանց ունեցվածքը վնասելով ու մարդկանց կյանքին սպառնալով:

«Հիմա որ սկսել են քիչ կրակել, այդ չկրակած ժամանակ մի քիչ շունչ ենք քաշում, հենց սկսում են կրակել, նորից լարվում ենք: Հիմա երկու օրը մեկ կարող են կրակել՝ մի ժամում մեկ-երկու կրակոցով: Գյուղամեջ էլ ոնց որ թե էլ չեն կրակում»,- ասաց տիկին Գայանեն:

Սակայն, կրակոցների արդյունքում բնակիչների վրա հոգեբանական ճնշումն իր հետևանքն ունեցել է, ահազանգում է Խնածախի բնակչուհին. «Մարդիկ հեռանում են, գյուղը դարձել է ծերերի գյուղ:

Մեր դպրոցում առաջ չորս հարյուրից ավել երեխա էր սովորում՝ հիմա հազիվ 50 աշակերտ լինի:

Թոռնիկս իններորդ դասարանում է սովորում, համադասարանցի յոթ տղաները տեղափոխվում են՝ ինքը մնում է մենակ դասարանում:

Կատակով ասում ենք, որ գնալու է անհատական պարապմունքների դպրոց, ինչ անենք»,-ասում է Խնածախի բնակչուհին:

Վերջինս նշում է, որ գյուղում մնացողների համար մեծ օգնություն կլիներ գյուղի գազաֆիկացումը, քանի որ բնակիչները սեփական միջոցներով չեն կարող 450 հազար դրամով գազաֆիկացնել իրենց բնակարանները: