ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը Սյունիք այցելության ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանա-թուրքական լեքսիկոնով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի գործարկումը իրենց զարգացման տեսլականն է՝ այդ մենք-ի մեջ չհստակեցնելով, թե ովքեր են մտնում:
Իշխանական քարոզիչ-«քաղաքագետները», իշխանության ներկայացուցիչները լծվել են հայ հասարակությանը համոզելու գործին, որ այդ թուրանական միջանցքը պիտի բացվի, որպեսզի Հայաստանը տնտեսապես շահի:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը «Հրապարակի» հետ զրույցում հորդորեց «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը չօգտագործել: «Միջանցքը սովորաբար մարդասիրական միջանցքներն են համաշխարհային տնտեսության մեջ, երբեք տնտեսական նպատակներով օգտագործվող ճանապարհները միջանցք չեն կոչվում, բացի մարդասիրական միջանցքի ընդհանուր գաղափարախոսությունից:
Երրորդն այն է, որ ես կհորդորեի, որ մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, նախ խոստանան, որ իրենք այդ միջանցքի՝ ճանապարհի տրամադրումից հետո, ինչ էլ որ լինի, մնալու են Հայաստանում և չեն քոչելու: Սա որպես նախապայման․ այդպես մեծ -մեծ արտահայտություններ չի կարելի անել ու դրանից հետո հայտնվել Հայաստանից դուրս, երբ որ օրհասական պահը գա և կողքից սկսեն ինչ-որ մեկնաբանություններ անել: Իրենք պիտի գնան ու տեղավորվեն այդ ճանապարհի կողքի գյուղում ու ապրեն ու տեսնեն, թե ինչպես են դա օգտագործում օտարները, մանավանդ հստակ պահանջ է դրված, որ որևէ հայ մաքսավորի, սահմանապահի, ընդհանրապես հայի դեմք չեն ուզում տեսնել ադրբեջանցիները:
Ինչի՞ վրա են հրճվել այդ հորթերը, որոնք խոսում են շահույթի մասին, նախ արժանապատվություն պետք է ունենալ, երբ որ ասում են, չենք ուզում ձեր երեսը տեսնել: Ես, կարծես թե, ճիշտ եմ չէ՞ ցիտում հարևան երկրի ղեկավարին:
Եթե այդ գնով է ձեր շահույթը, որ վաստակում եք, դրանից հետո գնացեք վաստակեք, բայց մի կապեք դա մեր ազգի վրա: Արժանապատվություն է պետք ընդամենն ունենալ և եթե ասում են խաղաղություն, դա պիտի լինի ոչ միայն արժանապատիվ խաղաղություն, այլ անվտանգություն նախ և առաջ: Դա պետք է լինի արժանապատիվ, ոչ թե կռացած կեցվածքով և անընդհատ արդարացումներ, ինչ-որ մեկնաբանություններ անելով, որ փորձեն տակից դուրս գալ և ասել, որ տեսեք, սա ավելի կարևոր էր»,-ասաց Մանասերյանը:
Տնտեսագիտության դոկտորը հարցադրում է անում՝ այս իշխանությունները ընդհանրապես պատկերացում ունեն՝ ի՞նչ է նշանակում ազգային շահը ավելի լայն առումով: Տնտեսական շահի մեջ չեն կարող խորացած լինել այն մարդիկ, ովքեր հաջողակ չեն եղել տնտեսական առումով: «Շատ մեղմ եմ ասում և առաջին հերթին կառավարության ղեկավարի և անդամների մասին է խոսքը, որոնք մղոններով հեռու են եղել տնտեսությունից և տնտեսագիտությունից:
Հիմա էլ եկել դաս են տալիս, ուզում են տնտեսագիտության պրոֆեսորներն իրենց մեկնաբանեն՝ չի կարող լինել այդպիսի բան: Թող իրենք գնան, սովորեն, սովորեն նժդեհյան գաղափարախոսությունը և հասկանան, թե ազգային շահն ինչ է նշանակում: Եվ շահույթի հետ, «շահույթիկի» հետ ազգային շահը չեն փոխում և չեն էլ փորձում արդարացնել այդ ամեն ինչը, իրենց սեփական խեղճությունը դարձնել ազգային անկարողություն՝ այդպես չի:
Մեր ազգային ներուժը բավական հզոր է, մեզ մնում է, որ այս փորձությունները մենք պատվով տանենք, հանդուրժենք այս ամեն ինչը, այս ցավը, այս պատուհասն ու մղձավանջը, որ մեզ բաժին է հասել ու կարողանանք սերունդը կրթել այն ոգով, որ կարող է իր հողը պահել արժանի ձևով»,- նկատեց տնտեսագետը: Այնուամենայնիվ, Սյունիքի ճանապարհը մեզ ի՞նչ տնտեսական օգուտ է տալու հարցին, պատասխանեց՝ ոչ մի օգուտ էլ չի տալու:
«Ոչ մի բան չի տալու, խոսքը եթե վճարի մասին է կամ ինչ- ինչ գրոշների մասին՝ դա աննամուսություն է՝ այս պայմաններում, այս վերաբերմունքով: Բացի դրանից, որևէ մեկը Ձեր նշած անձանցից իրեն նեղություն չի տվել, նստել, թուղթ ու գրիչը վերցնել ՝ գոնե գործոնային վերլուծություն անել: Էլ չեմ ասում հսկայական կառույցները փող են ստանում դրա համար և շատ կոնկրետ հաշվարկներ պետք է ներկայացնեն, այդ ճանապարհից ընդհանրապես վնասը ինչքան կարող է լինել, հնարավոր ինչ-որ դրական բան կարո՞ղ է լինել, թե ոչ: Գնացեք հաշվեք, Պարույր Սևակի ասած, թե չէ հաշվում եք, հաշվում եք, հաշվում․․․Անհեթեթություն է և շատ նվաստացուցիչ է նման թեզ այս պայմաններում առաջ քաշելը»,-շեշտեց Մանասերյանը:
Տնտեսագետը նկատում է, որ նորմալ պայմանների պետք է գնալ արժանապատիվ ձևով, ոչ ոք դեմ չի հարաբերությունների նորմալացմանը, սակայն դա պիտի լինի երկկողմանի․ «Տանգոն մեկ հոգի չի պարում՝ երկու հոգի պիտի լինեն և պետք է ադեկվատ վերաբերմունք՝ այդ ադեկվատ վերաբերմունքը չկա: Հայաստանի այսօրվա ղեկավարները չեն էլ գիտակցում, չեն էլ պատկերացնում, իրենց գրագիտության աստիճանը մասնագիտական առումով նույնիսկ այն նվազագույնին չի հասնում, որ ասեն, որ մենք Թուրքիայի հետ վաղուց ունենք լուրջ, միջազգային իրավունքով հիմնավորված պահանջ, որ կարող ենք ներկայացնել՝ դա դեպի ծով՝ Սև ծով ելքի խնդիրն է»: Թուրքիան երեք միջազգային կոնվենցիաներ է վավերացրել իր խորհրդարանում, որով պարտավորվել է ցամաքային երկրներին՝ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությանը ելք տրամադրել դեպի ծով և դա չի կատարում՝1948, 1957, 1969 թվականների կոնվենցիաների մասին է խոսքը: Դրա համար պետք է ունենալ տարրական գրագիտություն՝ շեշտում է Մանասերյանը: «Գրագիտության թեզը ղեկավարների համար պարտադիր պիտի լինի այսուհետ, ոչ թե ամեն մի կիսագրագետին, ամեն մի տառաճանաչին ասեն, որ սա ղեկավար է, ինչ է թե նրա ուղեղը լուրջ մտավարժանքներ կարող է անել՝ մարդկանց մոլորեցնելու: Դե գնացեք պահանջեք Թուրքիայից դա, գնացեք պահանջեք Միացյալ Նահանգներից, որ Վիլսոնյան մանդատը իրականացվի՝ հո սրանք պատրանքներ չեն, խոսում ենք փաստերի ու փաստաթղթերի մասին, գաղափար ունե՞ն, կարո՞ղ են հետամուտ լինել, կարո՞ղ են երրորդ երկրների ներգրավվել դիվանագիտության մեջ, այդ թվում տնտեսական դիվանագիտության մեջ, թե պրիմիտիվ, պարզունակ, գավառական մակարդակի խոսակցություններ կենցաղային պիտի վարեն՝ մարդկանց մոլորության մատնելու»,- եզրափակեց Մանասերյանը և հավելեց, այս պայմաններում շահույթի մասին չի կարելի խոսել:
Բաց մի թողեք
Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը
Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը․ Լուսանկար
Ինչ փուլում է Կաթողիկոսին «հեռացնելու» ՔՊ-ի ծրագիրը և ո՞ւմ են տեսնում Կաթողիկոսի աթոռին