Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ՝ հայտնում են Մայր Աթոռից։ Մասնավորապես, Վաչագան քահանա Գյուրջյանը սույն թվականի օգոստոսի 1-ից ազատվելով Մայր Աթոռի Դիվանատանը ստանձնած պարտականություններից ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում, Տիգրան քահանա Բադիրյանն էլ սույն թվականի օգոստոսի 1-ից ազատվելով Կաթողիկոսական գրասենյակում ստանձնած պարտականություններից ծառայության է նշանակվել Ֆրանսիայի հայոց թեմում։
Ցիվիքը գրել է․ Այս նշանակումները սովորական ժամանակ հաստատապես սովորական էլ կընկալվեին՝ չարժանանալով ուշադրության, եթե չլիներ մի հանգամանք՝ սույն երկու քահանաների վերջին շրջանի վարքը, ակտիվ և ժրաջան քննադատությունը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այն բանից հետո, երբ վերջինս բարձրացրեց Կտրիճ Ներսիսյանի կողմից վեհարանն ազատելու հարցը։
Ինչպես տարիներ առաջ իր հարցազրույցում նկատել էր կարգալույծ հռչակված եկեղեցականներից մեկը՝ հոգևոր դասի ներկայացուցիչներից շատերի փափագը, եթե կուզեք՝ «կյանքի նպատակը» արտասահման՝ ուսումնառությունը շարունակելու կամ ծառայության մեկնելն է։
Արտերկիր ուղարկվելը, ըստ այդմ, յուրօրինակ պարգևատրում է, որին արժանանում են ոչ բոլորը, այլ Գարեգին Բ-ի «սիրույն ու հավանությանն» արժանացած, ամենակարևորը՝ խոնարհ եկեղեցականները։ Այնպես որ՝ վերոհիշյալ երկու հոգևոր սպասավորներին Ռումինիա և Ֆրանսիա ուղարկելը պետք է դիտարկել որպես պարգևատրում՝ նրանց ցուցաբերած «օրինակելի վարքի», Փաշինյանի «պորտատեղադրմանը» մասնակցելու համար։
Մասնավորապես, Վաչագան քահանա Գյուրջինյանի մտքի արգասիքներից է ՀՀ վարչապետին Հիտլերի հետ համեմատելը. «Գեբելսը Հիտլերին խորհուրդ էր տալիս ներկայանալ որպես նախանձախնդիր քրիստոնյա, որպեսզի ենթարկեցներ Եկեղեցիներին, նույնը Փաշինյանն է անում»։
Տիգրան քահանա Բադիրյանի մտքի «շափյուղաներին» էլ անդրադառնանք։ Այդ նա էր, որ առաջարկել էր՝ «Նիկոլ Փաշինյանն իրեն Հայ եկեղեցու հետևորդ համարելուց առաջ նախ հավատաքննություն պետք է անցնի»։
Ապա հավելել. «Փաշինյանին հոգեկան հիվանդի բնորոշում տալը կնշանակի արդարացնել իր անթույլատրելի գործողությունները… Բայց կան մարդիկ, ովքեր հակված են իրենց մեսիա կարծելու, և հոգեբուժարանում առանձնացված բաժին կա «մեսիաների» համար, և կա «մեսիականության սինդրոմ»։
Կդժվարանանք բնորոշում տալ այն սինդրոմին, որով տառապում են եկեղեցու անունից հանդես եկող և հավատավոր հոտին հոգևոր ծառայություններ մատուցող սուբյեկտները, բայց ակնհայտ է, որ այդ տառապանքը խրախուսվում է եկեղեցու գլխի կողմից ու ըստ արժանվույն վարձատրվում։
Մնաց նման շնորհի ու ընծայման արժանանան մյուս՝ այս ընթացքում աչքի ընկած հոգևորականները, ասենք՝ նախկինում ամուսնացյալ քահանա, այժմ էլ՝ Ասողիկ աբեղա Կարապետյանը, որի առաջիկա փափագը վարդապետ դառնալն է, Սեբեոս քահանա Ղալաչյանը, որը արգելել էր ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին մկրտության քավոր լինել. այս քահանային, օրինակ, կարելի է ցկեանս «թագավորի թոշակ» նշանակել։
Հա, չմոռանանք նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ու վիրտուալ կյանքի սիրահար Զարեհ քահանա Աշուրյանին. նրանց էլ, օրինակ, կարելի է Իբիցայի կամ Բալիի ուղեգիր նվիրել։ Հանգստի թեժ սեզոնն է, ինչպես ասում են՝ «ավազ, պեսոկ, արև, մուլատկեք, բլանդինկեք ու լիքը աղջիկ…»։
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին դպրոցի տնօրեն է դարձել
Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն … Գյուլումյան
Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ. Լուսանկար