11/08/2025

ԱՄՆ-ը Բաքվին «կարող է Հայաստանի հետ խաղաղության պարտադրել»

Վերջին մի քանի օրերին, կապված Reuters-ի մի հրապարակման հետ, որտեղ ասվում է, որ Միացյալ Նահանգներն «Աբրահամի համաձայնագրին» Ադրբեջանի ներգրավվածության «պայման է դրել» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, մեր փորձագիտական որոշակի շրջանակներում, թող թույլ տրվի ասել, ոգևորվածություն է տիրում:

Համարվում է, որ ԱՄՆ-ը Բաքվին «կարող է Հայաստանի հետ խաղաղության պարտադրել»:

Նախ, հայտնի չէ, թե իրականում Վաշինգտոնից Բաքվին երբ, ինչ և ինչպես են ասել: Reuters-ի վերլուծականը կառուցված է պաշտոնապես չհաստատված տեղեկության վրա, որ Մոսկվայում բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում, որտեղ նա «հանդիպել է Ալիևին» և, իբր, ներկայացրել «Ադրբեջանի վերաբերյալ Թրամփի ծրագիրը»:

Եթե մի պահ ընդունենք, որ ամեն ինչ ստույգ է, ապա ինչու՞ ենք ուշադրությունից դուրս թողնում, որ Թրամփի «ծրագիրը» ոչ թե «հայ-ադրբեջանական կամ ադրբեջանա-հայկական» է, այլ՝ «Ադրբեջանի վերաբերյալ»: Երկրորդ, այն «ներկայացվել է» աշխարհաքաղաքական բոլորովին այլ իրավիճակում:

Չմոռանանք, որ Ուիթկոֆի ինքնաթիռը Բաքվում «տեխնիկական պատճառներով« վայրէջք է կատարել Մոսկվայից տունդարձի ճանապարհին: Դա այն շրջանն էր, երբ Թրամփը համոզված էր, որ Պուտինը շահագրգռված է Ուկրաինայում հրադադարի հաստատմամբ: Այսօր Թրամփը Պուտինից «խիստ հիասթափված է, նրա հետ խոսելու ցանկություն այլևս չունի»:

Ադրբեջանի «վերաբերյալ Թրամփի ծրագիրը ներկայացվել է», երբ Վաշինգտոնը և Թեհրանը բանակցությունների ռեժիմում էին, Թրամփը հույս ուներ, որ «գործարքը կկայանա»: Ներկայումս Իրանը «լիզում է վերքերը», իսկ երկրի նախագահը մեկ ամսում երկու հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, իսկ վերջինս, թեև քառասունօրյա ուշացումով, իր օգնականի միջոցով դատապարտել է Իրանի դեմ իսրայելական, ուրեմն և՝ ամերիկյան, հարձակումները, բարձրաստիճան զինվորականների և միջուկագետների սպանությունների առթիվ ցավակցություն հայտնել:

Մարտ ամսին, երբ Ուիթկոֆը Բաքվում «հանդիպել է Ալիևին», ռուս-ադրբեջանական հարաբերությունները սառն էին, բայց՝ ոչ լարված: Այսօր Մոսկվա-Բաքու քաղաքական կոմունիկացիան փաստացի դադարած է:

Խորքում ի՞նչ է խմորվում, չափազանց բարդ է նույնիսկ ենթադրել: Իսկ ամենակարևորը, որ պետք է դիտարկվի, այն է, որ «Աբրահամյան համաձայնագրերի» հետագա գոյությունն իսկ արդեն կասկածելի է:

Օգոստոսի 2-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը վերջնականապես մերժել է «փոխանակման գործարքը» և հայտարարել, որ չի զինաթափվի, քանի դեռ Պաղեստինի անկախ պետությունը «Երուսաղեմ մայրաքաղաքով հանդերձ ճանաչված չէ»:

Այս վերջնագիրը «ջուրն է նետում» Մերձավոր Արևելքում իսրայելա-արաբական հաշտության հասնելու Դոնալդ Թրամփի ջանքերը, որ նա սկսել է գործադրել դեռևս պաշտոնավորման առաջին շրջանում:

Այս իրավիճակում հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարը կապել Թրամփի կողմից «Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելու հետ», նշանակում է խաղաղության հեռանկարը «գրել սառույցին և պահել արևի դեմ», որովհետև եթե Մերձավոր Արևելքում «Աբրահամի համաձայնագրերի» ընդլայնումը պայմանավորվում է Պաղեստինի անկախության ճանաչման կամ առնվազն Գազայից Իսրայելի հեռանալու հետ, ապա Ադրբեջանն ինչո՞ւ պիտի հակադրվի Թուրքիային, Իրանին, Ռուսաստանին, արաբական աշխարհին և ստորագրի մի փաստաթուղթ, որ իր դեպքում գործնական նշանակություն չունի. Բաքուն առանց այդ էլ Թել-Ավիվի հետ ռազմավարական համագործակցություն ունի:

Ի վերջո, Իսրայելն էլ այլևս այն չէ, ինչ էր Գազայում պատերազմից առաջ, ոչ էլ Ալիևն է հիմար, որպեսզի չտեսնի իսրայելա- թուրքական մրցակցությունը: Բայց ամենակարևորը հաշվենկատությունն է. իսկ եթե Իսրայելն այլևս ամենազոր չէ՞: