15/10/2025

Ուրբաթ արդյոք կկայանա Փաշինյանի ու Ալիևի հետ Թրամփի հանդիպումը, ինչ է ստորագրվելու

Հայաստանի վարչապետի աշխատակազմն այս պահին չի կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել»,-նշել են աշխատակազմից։

Նշվում է, որ նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, և տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։

«Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որևէ հաղորդագրություն չենք հրապարակել և հետևաբար այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո»,-ասել են Փաշինյանի աշխատակազմից:

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, որ այս շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը կարող են հանդիպում ունենալ Վաշինգտոնում։ Ըստ այս տեղեկությունների՝ երկու երկրների ղեկավարներին ընդունելու է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

Ամբողջ օրվա ընթացքում իշխանությունները չարձագանքեցին Վաշինգտոնում Փաշինյանի ու Ալիևի հետ Թրամփի հանդիպման մասին արտահոսած տեղեկությանը և միայն օրվա վերջում ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին տեղեկությունը։ Փաշինյանի աշխատակազմը մի ստանդարտ տեքստով ասաց` սպասեք պաշտոնական հաղորդագրության։

Ուրբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման մասին հայտնեց ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի լրագրողը, որը հավատարմագրված է Պետդեպարտամենտում։ Ըստ նրա, Հայաստանն ու Ադրբեջանը շաբաթվա վերջին պատրաստ են հայտարարել խաղաղության հասնելու մտադրության մասին:

Հիշեցնեմ, որ ավելի վաղ կրկին ո՛չ Հայաստանի իշխանություններից տեղեկացանք, որ ԱՄՆ-ը  առաջարկում է Հայաստանին 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը և այն , ինչպես նորահայտ տերմինն է ասում, արտապատվիրակել միջազգային կազմակերպության։ Ասել է թե, թուրք-ադրբեջանական ռազմավարական նպատակ հայտարարված , այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը ամերիկյան փաթեթավորում կարող է ունենալ։

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել էր. Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները գալիս է և ասում` շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32-կիլոմետրանոց ճանապարհը և բոլորով օգտվեք դրանից»։

Հայաստանի իշխանությունները ամերիկյան առաջարկի վերաբերյալ էլ հստակ տեղեկություններ չհայտնեցին հանրությանը,  Փաշինյանը ասուլիսում նախ  ընդունեց, որ նման հարց կարող է քննարկվել, փաստացի ասաց, որ դեմ չէ, հետո ՔՊ-ական Արման Եղոյանը հայտարարեց, թե «ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ», ապա Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը լղոզված մեկնաբանություն տվեց, թե ճանապարհները, գաղափարները և ենթակառուցվածքները կարող են արտապատվիրակվել, ու դա ինքնիշխանության վնաս չէ։ Կարճ ասած` իսկական
շիլաշփոթ, որ սովորական քաղաքացին գլուխ չհանի` ինչ է իրականում կատարվում։

Չնայած նրան,  որ Հայաստանի իշխանությունը ո՛չ հերքում, ոչ հաստատում է հանդիպման լուրը, քաղաքագետ Արա Պողոսյանը համոզված է, որ  դրա նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են, ՀՀ իշխանությունը զուտ չի հաստատում, քանի որ վերջին պահին Ադրբեջանը իր բնավորության համաձայն, կարող է չեղարկել հանդիպումը։

«Որպես բեքգրաունդ, առնվազն, երկու չեղարկված հանդիպում կա։ Ես վստահ եմ, որ մեր իշխանությունները պատրաստ են գնալ ցանկացած տեղ, միայն թե փաստաթուղթ ստորագրեն ու հասարակությանը ներկայացնեն, թե հասել են խաղաղության դարաշրջան բացելու իրենց խոստմանը և 2026-ի ընտրություններին ներկայանան որպես Հայաստանին խաղաղություն բերած իշխանություն` ընտրությունների օրակարգ դարձնելով պատերազմի  ու խաղաղության հակադրությունը։ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են ստանալ ոչ թե ԱՄՆ-ին կամ որևէ երրորդ կողմին արտապատվիրակված միջանցք, այլ այնպիսի միջանցք, որը Ադրբեջանին հնարավորություն կտա տարբեր ձևակերպումներով դրա կարգավիճակի խնդիրը դնել։ Կարծում եմ, որ  սրանով պայմանավորված, Ադրբեջանն այս պահին շահագրգռված չէ Հայաստանի հետ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում, ուստի չի բացառվում,  որ վերջին պահին հրաժարվեն այդ  հանդիպումից»,- «Հրապարակ»-ին ասում է քաղաքագետը։

Տեղեկատվական արտահոսքը, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի լրագրողի միջոցով,  մեր զրուցակիցը ևս տարօրինակ, և օրինաչափ է  համարում , շեշտում, որ նախկինում էլ բոլոր հանդիպումների մասին տեղեկացել ենք նախ ադրբեջանական կամ արտասահմանյան աղբյուրներից, հետո միայն Հայաստանի իշխանությունները հաստատել են կամ պարզապես, դա իրականացել է։

Պողոսյանի խոսքով, սա արդեն դարձել է ՀՀ իշխանությունների քաղաքական վարքագիծը, ինչը վկայում է հանրային հաշվետվողականության բացակայության մասին ու հայ հասարակությունը իրադարձություններին տեղեկացնում է պոստ ֆակտում։

Ինչ վերաբերվում է Հայաստանի իշխանությունների, իբրև թե սկեպտիկ հայտարարություններին, թե իրենք չեն համաձայնել ամերիկյան առաջարկին, որովհետեւ տեսել են ՀՀ ինքնիշխանությանն ու իրավազորությանը սպառնացող հնարավոր վտանգ, Պողոսյանը  թերահավատ  է վերաբերում դրան. «Պատճառը դա չէ, այլ այն,  որ ադրբեջանական կողմն է հրաժարվել։ Ադրբեջանի նախագահը բավականին պարզ հայտարարեց, որ իրենք չեն ցանկանում,  որ այդ անցման գոտում կամ ճանապարհին ադրբեջանցիները տեսնեն որևէ երրորդ կողմի դեմք , և սա Բաքվի կողմից ամերիկյան առաջարկի մերժումն էր։ Ես վստահ եմ, որ հայկական կողմը տեսնելով, որ Ադրբեջանը շահագրգռված չէ երրորդ կողմին արտապատվիրակված ճանապարհով, փորձեց ժողովրդին ցույց տալ,  թե այդ իրենք են,  որ կարողացել են ինքնուրույն որոշում կայացնել և հրաժարվել ամերիկյան առաջարկից»։

Արա Պողոսյանի կարծիքով, այս պահին կողմերի սեղանին փոխընդունելի տարբերակ չկա, եթե այնուամենայնիվ,  Վաշինգտոնում հանդիպումը կայանա, գուցե ԱՄՆ-ը փորձի որոշակիություն բերել և կողմերին ներկայացնել փոխընդունելի ծրագիր, հատկապես հաշվի առնելով,  որ ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել երկու կողմերի վրա։ Միևնույն ժամանակ,  քաղաքագետը  մշուշոտ է համարում ամերիկյան առաջարկի կենսունակությունը։

Ըստ նրա, ԱՄՆ-ի ներկա ադմինիստրացիան մատերիալիստսկան պրագմատիզով է փորձում համաշխարհային քաղաքականությունը, բայց  չնայած նրան,  որ Նահանգները պետությունների միջև խնդիրների լուծումները տեսնում են գործարքների միջոցով, ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան պատկերացնում են իրենք և հատկապես այս խնդիրը հնարավոր չէ տնտեսական գործարքներով լուծել`  կան բազմաթիվ  շահեր տարածաշրջանում,  որոնք հաշվի չառնել հնարավոր չէ։

Այս համատեքստում քաղաքագետը մատնանշում է Իանից վերջին օրերին արդեն իսկ ստացված մի քանի հայտարարությունները առ այն,   որ Իրանը դեմ է երրորդ երկրների միջամտությանը Հարավային Կովկասի ներքին գործերին, որ դա չի կարող դրական լինել տարածաշրջանի համար. «Այս ամենը համադրելով, պետք է ասել, որ դա հեշտ լուծելի խնդիր չէ, հատկապես, որ Ադրբեջանն ու Թուրքիան էլ իրենց հերթին, ունեն այլ պատկերացումներ։ Չնայած նրան,  որ կան տեղեկատվական հոսքեր,  որ Թուրքիան ինքն է  ԱՄՆ-ին առաջարկել այդ ճանապարհով գնալ,  բայց ես կարծում եմ, որ դա դիվանագիտական խաղ է»։

Ինչ վերաբերվում է Սյունիքում հնչած կրակոցներին, ինչի մասին հայտնել էր ՊՆ-ն, ինչպես քաղաքագետն է նկատում, գրեթե բոլոր  հանդիպումների նախօրեին լարվածության ֆոն է ստեղծվում , ինչը հոգեբանական պատերազմի գործիք է Ադրբեջանի համար ` հիշեցնելու, որ պատերազմը ավարտված չէ և ցանկացած պահի կարող է վերսկսվել, եթե դիմադրություն առաջանա իր նպատակների իրագործման ճանապարհին. «Ադրբեջանը իր հաշվարկը փորձելու է իրականացնել Հայաստանի իշխանությունների միջոցով, որը լինելով պարտված կողմ, ունենալով պարտված հոգեբանական բարդույթը ենթարկվում է ճնշումներին»: