Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հերթական տեղեկությունն է տարածել, այս անգամ՝ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից «նախապատրաստվող բնապահպանական աղետի մասին»:
ՌԴ ԱՀԾ տեղեկություններով, բրիտանական հատուկ ծառայությունները մտադիր են «դիվերսիա իրականացնել ռուսական նավթատար լցանավերի դեմ և ստեղծել իրավիճակ, որը կսպառնա միջազգային նավագնացությանը»:
ՌԴ ԱՀԾ-ում համոզված են, որ Մեծ Բրիտանիան «ահաբեկչությունների իրականացումը վերապահել է Ուկրաինայի հատուկ ծառայություններին, որոնց աշխատակիցներն արդեն նախապատրաստական փորձառություն են ձեռք բերել Լոնդոնում»:
Որքանո՞վ են հիմնավոր կամ մտացածին այս տեղեկությունները՝ կարելի է տարբեր ենթադրություններ անել, բայց ակնհայտ է, որ ՌԴ ԱՀԾ արտառոց բացախոսությունը քաղաքական նպատակ է հետապնդում:
Լրանում է Ուկրաինայում հրադադարի հասնելու համար ԱՄՆ նախագահ Թրամփի սահմանած ժամկետը, և Կրեմլն ամեն ինչ անում է, որպեսզի հետագա բարդությունների պատասխանատվությունը բարդի Արևմուտքի վրա:
Այս իմաստով բավական խորհրդանշանական է, որ նույն օրը կայացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հեռախոսազրույցը: «Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակության հարցեր»,- ասված է տարածված հաղորդագրության տեքստում:
Թուրքիայի նախագահը հատկապես անդրադարձել է Գազայում «մարդասիրական ճգնաժամին» և այն գնահատել «այլևս անհանդուրժելի»: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան մշտապես մարդասիրական օգնություն է առաքում Գազա և «աջակցում է հրադադարի հասնելու միջնորդական ջանքերին»:
Ինչպես «Անադոլուն» է փոխանցում՝ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետին «շնորհավորել է Պաղեստինի անկախությունը ճանաչելու մտադրության մասին հայտարարության առթիվ»:
Չափազանցություն կլինի ասել, որ Մեծ Բրիտանիայի կողմից «Ռուսաստանի դեմ նախապատրաստվող ահաբեկչությունների» մասին ՌԴ ԱԳԾ տարածած տեղեկատվության մասին Թուրքիայի նախագահին անմիջապես զեկուցել են, բայց որ նա գերազանց տեղեկացված է ռուս-բրիտանական հարաբերությունների կամ ավելի ճիշտ՝ դրանց գործնական բացակայության մասին, կասկածից դուրս է:
Աչքի է զարնում ևս երկու ոչ պակաս կարևոր հանգամանք: Երկրորդ ամիսն է, ինչ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը բացահայտված է, բայց այդ ընթացքում Էրդողանը Պուտինի հետ չի շփվել, թուրքական մամուլն այդ թեմային առհասարակ չի անդրադառնում, այդ խնդիրը, երևում է, Թուրքիայի իշխանություններին և անձամբ նախագահին գոնե առերևույթ չի հուզում:
Երկրորդն այն է, որ Էրդողան-Սթարմեր հեռախոսազրույցը տեղի է ունենում Մոսկվա սիրիական բարձրաստիճան պատվիրակության այցից և դրան հաջորդած՝ Պուտին-Նաթանյահու հեռավար բանակցություններից հետո: Թուրքիան, երևում է, Ռուսաստանին «դուրս է գրել» Մերձավոր Արևելքի «նոր աշխարհագրության» քննարկումներից:
Որքանո՞վ է ինքնավստահ Էրդողանը՝ այլ հարց է, բայց տվյալ փուլում նա, կարծես, Պուտինին «մոռացել է»: Արդյոք դա տարածվում է նաև Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոյի՞ վրա: Եթե՝ այո, ապա դա կարող է Ռուսաստանին մղել հակաքայլերի:
Բաց մի թողեք
Վաշինգտոնում ինչ է նվիրել Թրամփն Ալիևին
Երևանի հասցեին դրվատանքի որևէ արտահայտություն տեղ չի գտնում ․․․
Պարզվում է, ՌԴ-ն լրացուցիչ կվերլուծի Վաշինգթոնի հայտարարությունները