Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ Պուտին-Թրամփ հանդիպում է նախապատրաստվում: Այդ մասին ավելի վաղ հայտնել էին արևմտյան մի քանի հեղինակավոր լրատվամիջոց՝ հղելով Սպիտակ տան իրազեկ աղբյուրներին:
Այդ տեղեկության հավաստիությունը նկատելիորեն ամրապնդեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երբ հայտարարեց, որ իր հատուկ բանագնաց Ուիթկոֆի Մոսկվա այցն «ավելի արդյունավետ էր, քան կանխատեսվում էր»:
Օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահը Պուտին-Ուիթկոֆ բանակցությունների մանրամասնությունները ներկայացրել է եվրոպական մի քանի երկրների առաջնորդների, ինչպես նաև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Վերջինս երախտագիտություն է հայտնել «բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային»:
Վլադիմիր Պուտինի օգնական Ուշակովը ռուս-ամերիկյան գագաթաժողովի անցկացման ժամկետ առայժմ նշել է «եկող շաբաթը»: Նրա ասելով, «հանդիպման վայրը համաձայնեցված է, այդ մասին կհայտնվի ավելի ուշ»:
Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը վստահաբար ասել է, որ Թրամփ-Պուտին հանդիպում տեղի կունենա «ամենամոտ ապագայում»: Կարելի է ենթադրել, որ հանդիպման համաձայնեցված վայրը Ստամբուլն է, որտեղ ռուս-ուկրաինական բանակցությունների երեք փուլ է տեղի ունեցել:
Ռուս-ամերիկյան բարձրագույն մակարդակի հանդիպման հավանականությունը մեծ էր այն պահից, երբ կողմերը «հատեցին միջուկային պատերազմի փոխադարձ սպառնալիքի շեմը»: Այդ պահից հասկանալի էր, որ կողմերը ստեղծում են «եզրագծային իրավիճակ», որից նահանջը կհիմնավորվի համաշխարհային ապոկալիպսիսից խուսափելու անհրաժեշտությամբ: Սա մոտավորապես Կարիբյան ճգնաժամին է նման, երբ Խորհրդային Միությունը և Միացյալ Նահանգները միջուկային զենքի տեղաբաշխման հարցում եկան համաձայնության:
Այդ լիցքաթափումը, սակայն, սառը պատերազմը չմեղմեց: Ժամանակային առումով այդ իրավիճակը համընկավ Բեռլինի պատի կառուցմանը, որ ազդարարեց երկու աշխարհակարգի միջև վերջնական խզումը:
Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ռուս-ամերիկյան ռազմավարական համագործակցության հնարավորությունը:
Ռուսաստանցի որոշ մեկնաբաններ նշում են, որ Ռուսաստանը շուկայական տնտեսություն ունի, դա հնարավորություն է, որպեսզի Արևմուտքի հետ համագործակցությունը զերծ լինի գաղափարական ազդեցությունից:
Սկզբունքորեն դա հիմնավոր տեսակետ է, բայց որքանո՞վ է Ռուսաստանը պատրաստ Արևմուտքի հետ վերագործարկելու ապագաղափարական հարաբերությունները: Շուրջ երկու տասնամյակ, սկսած Մյունխենում 2007 թվականի ելույթից, Վլադիմիր Պուտինը հավաքական Արևմուտքը հռչակել է Ռուսաստանի թշնամի:
Տնտեսական համագործակցությունը վերստին ապաքաղաքականացնելու համար Պուտինին պետք է ամրագրել Արևմուտքի նկատմամբ շոշափելի հաղթանակ, պայմանականորեն ասած՝ Արևելյան Եվրոպայում «նոր Բեռլինի պատ կանգնեցնել»:
Խնդիրն այն է, թե այն որտեղո՞վ է անցնելու, ռուս-ուկրաինական զորքերի շփման ներկայիս գծո՞վ, այն սահմաններով, որ Ռուսաստանի սահմանադրությա՞ն են ամրագրված, թե գտնվելու է «ոսկե միջի՞ն»:
Ուիթկոֆի Մոսկվա այցին հաջորդած մեկ շաբաթվա ընթացքում այս և ավելի «դելիկատ» հարցերի համաձայնեցված պատասխան հազիվ թե գտնվի: Ուստի կարելի է ասել, որ Պուտինը և Թրամփը գնում են «կրիզիս հանդիպման», որպեսզի «պայմանավորվեն վերջնական պայմանավորվածությունների սկզբունքների շուրջ»:
Կհաջողվի՞: Չպետք է մոռանալ, որ Բեռլինի պատի խորտակման առաջին կանխատեսումն արել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին:

Բաց մի թողեք
ԱՄՆ – Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններում ի՞նչ «նրբերանգ» ունի
Բաքվում ի՞նչ է տեղի ունեցել, իրական գնահատական կարող է տալ պատմագիտությունը
Իրականում ի՞նչ զարգացումներ կան, կարող են հետևել, ՌԴ համար էական չէ