Յուրաքանչյուր բանական մարդ խաղաղություն է ուզում:
Արդյո՞ք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի կողմից Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրը խաղաղություն է բերելու:
Չունեմ այդ լավատեսությունը մի քանի պատճառով՝
1). Ադրբեջանը պայմանավորվածություններ պահող չէ՝ վերջին թարմ հիմքը 09.11.2020թ. եռակողմ պայմանավորվածությունների խախտման փաստերն են.
2). Ռուսաստանի և Իրանի շահերի հետ այս գործարքը հակասություն է առաջացնում.
3). այս գործարքով չեն կարգավորվել Հայաստանի շահերից բխող մի խումբ հարցեր, որոնցից են օրինակ՝ գերիների վերադարձի, Արցախցիներից խլած տարածքները վերադարձնելու և անվտանգությունն ապահովելու հարցերը:
Չեմ անդրադառնում Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու մանրամասներին, միայն կնշեմ, որ այդ ճանապարհը պետք է Ադրբեջանին և Թուրքիային ու ոչ թե՝ մեզ:
Նույնիսկ Հայաստանի օրենսդրությամբ սերվիտուտի (ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի) դեպքում օգտագործվող հողամասը կոչվում է ԾԱՌԱՅՈՂ գույք, իսկ մյուս սեփականատիրոջ հողամասը կոչվում է ԳԵՐԱԿԱ գույք (ներկայացված է որպես համանման օրինակ):
Այսինքն այս գործարքով Հայաստանի տարածքը դառնում է ծառայող տարածք Ադրբեջանի համար:
Հիշենք նաև 105 տարի առաջ մեր ազգի գլխին եկածը: Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր քաղաքում:
Դա չխանգարեց, որպեսզի 1920 թվականի սեպտեմբերի 22-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվի Հայաստանի վրա։
Հայաստանին չօգնեց նույնիսկ ԱՄՆ նախագահ Վիլսոնի կողմից 1920 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված վճիռը, որով, Հայաստանին էր տրվում ընդհանուր առմամբ 103.599 կմ² տարածք։
Ինչու այդ տարածքները չդարձան հայկական, ինչու ԱՄՆ-ն և հզոր մյուս պետությունները, որոնք նաև Սևրի պայյմանագրի կողմերն էին (օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա) չկարողացան Հայաստանին օգնել: Հայաստանը ստիպված խորհրդայնացվեց, որպեսզի փրկվի:
Արդյոք հիմա էլ նույն վտանգները մեզ չեն սպառնում:
Հ.Գ. Երբ ասեն, թէ՝ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կը հասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի կնոջ երկունքը. եւ նրանք չեն փրկուելու։ (Թեսաղոնիկեցիներ 1 5:3)
Արա Զոհրաբյան
Բաց մի թողեք
Սա վերջնագրային բնույթի հայտարարություն է․ Բադալյան
Իշխանության տիրացածները այդպես էլ այդ կարողությունները չունեցան․ Սադոյան
Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք կոչեցյալ չի կարող ստեղծվել՝ իրանական կողմի հստակ դիրքորոշումը․ Ոսկանյան